Տնտեսության իրական անկումը շարունակվում է: Այս մասին իր հոդվածում գրել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Քիչ առաջ ԱՎԾ-ն իր կայքում հրապարակեց պաշտոնական տվյալները 26․07․2021 թվականի դրությամբ ։
Այսպիսով, 2021 թվականի առաջին կիսամյակի տվյալներով ևս արձանագրված է․
տնտեսության իրական անկումը շարունակվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա մարտից COVID-19 համավարակի դեմ պայքարի համատարած ձախողման հետևանքով ՀՀ տնտեսությունը գտնվում էր համատարած սահմանափակումների մեջ։
Մասնավորապես, 2021 թվականի հունվար-հունիսը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ․
միջին գները (ՍԳԻ) աճել են 5,7 տոկոսով, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ)՝ 5 տոկոսով,
ընդ որում՝ գնաճը դրսևորում է առաջանցիկ աճի միտում․ 2021 թվականի առաջին կիսամյակում ՍԳԻ-ն աճել է 5,7 տոկոսով, իսկ 2021 թվականի հունիսը նախորդ տարվա հունիսի համեմատ ՍԳԻ-ն աճել է 6,5 տոկոսով,
արդյունաբերական արտադրանքի միջին գներն աճել են 10 տոկոսով, իսկ արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ ընթացիկ գներով արտահայտված, աճել է ընդամենը 2,1 տոկոսով,
բանջարեղենի գներն աճել են 9 տոկոսով, հացահատիկինը՝ 11,3 տոկոսով, մրգերի գներն աճել են 5 տոկոսով, իսկ գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալն՝ ընթացիկ գներով արտահայտված, աճել է ընդամենը 6,8 տոկոս, որն ինքնին խիստ կասկածելի է այս տարվա երաշտով և պետական մարմինների կողմից դրա դեմ պայքարի լիարժեք ձախողմամբ պայմանավորված,
սննդամթերքի միջին գներն աճել են 8 տոկոսով, իսկ ընթացիկ գներով արտահայտված ծառայությունների ծավալն աճել է ընդամենը 2,7 տոկոսով, առևտրի շրջանառությունը՝ 8 տոկոսով, հունվար-հունիսի միջին ամսական աշխատավարձի տվյալները դեռ չկան։
2021 թվականի հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ սննդամթերքի գներն աճել են 7,7 տոկոսով, նվազագույն աշխատավարձը չի բարձրացել, իսկ միջին ամսական աշխատավարձն աճել է ընդամենը 4,4 տոկոսով։
Հետևաբար, աշխատողների իրական եկամուտները շարունակում են կրճատվել, իսկ աշխատող աղքատների թիվն աճում է։
Այսպիսով հարց է առաջանում․
«Ի՞նչ եղավ տնտեսական երկնիշ աճի խոստումը, ի՞նչ եղան միլիարդավոր ԱՄՆ դոլարի օտարերկրյա ներդրումները, որն այս տարվա առաջին աշխատանքային օրը խոստացել էր իշխանական խմբակից էկոնոմիկայի համար պատասխանատուն։