Հայաստանում առաջին անգամ իրականացրել են ողնուղեղի ալլոփոխպատվաստման 2 վիրահատություն։ Պացիենտներ են դարձել 5 եւ 1.8 տարեկան երեխաներ մանգաղանման-բջջային անեմիայով։
Ինչպես լրագրողներին պատմել է արյունաբան Կարեն Մելիքսեթյանը, 5-ամյա նիգերիացի տղայի համար ցողունային բջիջների դոնոր է դարձել նրա երկվորյակ քույրը։ 1.8 տարեկան կամերունցի պացիենտի դոնոր է դարձել նրա 12-ամյա եղբայրը։ Առաջինին վիրահատել են հուլիսի 7-ին, երկրորդին՝ հուլիսի 13-ին։ Վիրահատությունից հետո 18 օրվա ընթացքում պացիենտները ստացել են բարձր չափաբաժնով քիմիաթերապիա, ինչից հետո նրանց ներարկել են մոտ 200 մլ ցողունային բջիջներ՝ ստացված դոնորներից։ Երկու պացիենտներն այժմ իրենց լավ են զգում, առաջինին հիվանդանոցից դուրս կգրեն արդեն այսօր, երկրորդին՝ մեկ շաբաթ հետո։
Ինչպես լրագրողների հետ զրույցում պատմեց Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, մինչ այժմ Հայաստանում արդեն ողնուղեղի ցողունային բջիջների մոտ 50 աուտոփոխպատվաստում է կատարվել։ Եվ տասնամյակների ընթացքում հայ մասնագետները երազել են ալլոփոխպատվաստում կատարելու մասին, եւ հիմա, վերջապես, այդ երազանքն իրականություն է դարձել։
Ինչպես նշեց առողջապահության փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը, ողնուղեղի ալլոփոխպատվաստման կատարումը լուրջ քայլ է առաջ երկրի առողջապահության ոլորտում։ Այդ վիրահատության ներդրումը Հայաստանում լուծում է միանգամից երկու հարց. նախ՝ մեր քաղաքացիները ստիպված չեն լինի մեկնել արտերկիր եւ հսկայական փողեր ծախսել հանուն իրենց կյանքի փրկության, երկրորդ՝ դա կօգնի բժշկական տուրիզմի զարգացմանը. մարդիկ այլ երկրներից կկարողանան գալ այստեղ հանուն այդ վիրահատության, եւ այստեղ այն կարժենա 2-3 անգամ ավելի էժան, քան այլ երկրներում։
Մասնագետների խոսքով՝ Հայաստանում մարդիկ չեն հիվանդանում մանգաղանման-բջջային անեմիայով, այդ հիվանդությունը հատուկ է Աֆրիկայի եւ մի շարք այլ երկրների։ Սակայն եթե ողնուղեղի ցողունային բջիջների փոխպատվաստման առաջին վիրահատությունները հաջողությամբ պսակվեն, այդ վիրահատությունը արդեն կկիրառվի շատ այլ հիվանդությունների բուժման համար, այդ թվում եւ ուռուցքային հիվանդությունների։