Այսօր տեղի է ունեցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչների հանդիպումը։ Տեղեկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժած ադրբեջանական ռազմական ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի վրա հարձակման, դրա հետևանքով ՀՀ Զինված ուժերի կրած կորուստների, ինչպես նաև սահմանի ամբողջ երկայնքով իրավիճակի սրման հետ կապված հարցեր։
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, խորը մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի կապակցությամբ, հայտարարել են՝
- ՀՀ սահմաններին թշնամու շարունակական սադրանքներն ու սանձարձակ վարքագիծը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների անգործությունն ու անկարողությունը ևս մեկ անգամ ապացուցում են, որ վերջին ընտրությունները, ցավոք, չեն կարողացել լուծել Հայաստանի առջև ծառացած առաջնային անվտանգային խնդիրները և մարտահրավերները։
- Հայաստանյան հասարակությունը պետք է պաշտոնապես տեղեկացված լինի ՀՀ ՊՆ՝ այսօր տարածած հաղորդագրության մեջ նշված հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների բովանդակության և ընթացքի վերաբերյալ։
- Բաքվի բռնապետը պետք է հստակորեն հասկանա, որ խորհրդարանական վերջին ընտրությունների արդյունքում Հայաստանում ստեղծվել է նոր իրավիճակ, համաձայն որի ձևավորվել է խորհրդարանական ազգային և առողջ ընդդիմություն, որը օգտագործելու է իր ունեցած բոլոր հնարավորությունները և լծակները՝ թշնամուն միջազգային ասպարեզում սանձելու և ՀՀ ազգային ու պետական շահերը սպասարկելու նպատակով։
- Մեր լիակատար զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերին՝ հավաստիացնելով, որ բոլոր միջոցներով սատար ենք կանգնելու մեր բանակի զինվորներին և սպաներին՝ թշնամուն արժանի հակահարված հասցնելու գործում։
- Խորին ցավակցություն ենք հայտնում ՀՀ Զինված ուժերի զոհված զինվորականների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Հիշեցնենք` հուլիսի 28-ին, ժամը 03:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում: Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են Մոսկվայի միջնորդությամբ դադարեցնել կրակը։