Արուսիկ Մկրտչյանը՝ դիջեյ Վակցինան, աշխատել է 17 տարեկանից: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է առաջին աշխատանքի, աշխատավարձի և 3 համալսարանում սովորելու մասին:
Ըստ Արուսիկի՝ առաջին անգամ աշխատել է ռադիոկայանում՝ որպես հնչունային մոնտաժող: «Հետագայում վարել եմ բժշկական հաղորդում, իսկ հետո զարգացրել եմ որպես դիջեյ իմ տեխնիկական հմտությունները: Երաժշտության և ռադիոյի հանդեպ միշտ էլ մեծ սեր եմ ունեցել, ռադիո ինձ հրավիրեցին բարեկամներս: Միակ դեպքն է, երբ բարեկամներս աշխատանքիս հարցում որևէ ներգործություն են ունեցել: Այդ միջամտությունն ավելի շատ եղել է այն բանի համար, որ լավ աշխատող էի: Ստացել եմ շատ քիչ աշխատավարձ՝ 25.000 դրամ, հետո բարձրացավ 50.000 դրամ: Երկար տարիներ աշխատում էի այդ աշխատավարձով»,- ասաց նա:
Դիջեյի խոսքով՝ սովորել է 3 բուհում: «Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետում սովորելուց հետո ինձ առաջարկեցին շարունակել համալսարանում մնալ որպես գիտաշխատող: Բայց պետք է ստանայի 17.000 դրամ աշխատավարձ, ինչը շատ քիչ էր: Իմ աշխատանքով ավելին էի վաստակում, քանի որ արդեն տարբեր միջոցառումների ժամանակ որպես դիջեյ էի հանդես գալիս: Հայաստանում գիտաշխատողները չեն գնահատվում, իսկ ես իմ ապագան Հայաստանի հետ էի կապում: Ընտրեցի այն ոլորտը, որի միջոցով բավարար գումար կվաստակեի»,- պատմեց նա:
Արուսիկը նշեց, որ դիջեյությամբ զբաղվում է 16 տարեկանից, բայց պրոֆեսիոնալ ձևով սկսել է զբաղվել 20-21 տարեկանից: «Ծնողներս մելոման են, փոքրուց տարբեր ոճերի երաժշտություն եմ լսել, միշտ եղել եմ դրա մեջ: Այդ սերն արտահայտվել է նաև մութ ու ցուրտ տարիներին՝ 90-ականներին, երբ միակ ուրախացնող ուժը երաժշտությունն էր, որը լսում էինք ռադիոյով»,- ասաց նա:
Ամբողջությամբ՝ tert.am.life