Մինչ Հարավային Ամերիկայի տարածքում բնակվող բազմաթիվ հնդկական ցեղեր նախընտրում են ապրել ցամաքում, ուրու ցեղի հնդկացիները բնակություն են հաստատել լճում։ Նրանք «կառուցել են» լողացող կղզիներ, որոնք գտնվում են Անդյան լեռների սառը ջրերում։ Այս մարդիկ խուսափում են այլ մարդկանց հետ հաղորդակցվելուց։ Բացի դրանից, նրանք վստահեցնում են, որ մարդիկ չեն, քանի որ ունեն սև արյուն։
Անդերում՝ ավելի քան 3800 մ բարձրության վրա, գտնվում է Տիտիկակա լիճը։ Այն շատ մեծ և սառն է։ Ամենաբարձրադիր լճերից մեկն աշխարհում գտնվում է Բոլիվիայի և Պերույի մեջտեղում՝ վաղուց հնդկացիներով բնակեցված վայրում։ Դրա ափերը զբաղեցրել են կեչուա և այմարա ցեղերի ներկայացուցիչները, որոնք ինկերի հաջորդներն են։ Սակայն լճի անմիջապես սրտում ապրում է արտասովոր մի ցեղ, որը մեկուսացված է մյուս քաղաքակրթություններից։
Ուրուները խոսում են մեռած լեզվով, որը կոչվում է պուկինա։ Դրանով հնում հաղորդակցել են Տիուանակո քաղաքակրթության ներկայացուցիչները։ Ենթադրվում է, որ ուրուները տիուանակոյան կայսրության հաջորդներն են։
Ըստ պատմաբանների՝ ուրու հնդկացիներին հարթավայրերից քշել են դեպի ճահճային վայրեր, ապա վերջիններս բնակություն են հաստատել հենց լճում՝ իրենց ճնշումների ենթարկողներից հեռու։ Լեռնային լճում ջրի ջերմաստիճանն ընդամենը 10 աստիճան է, իսկ ափամերձ հատվածները երբեմն անգամ սառցով են պատվում։ Սակայն տեղացիները նշում են, որ ցուրտը չեն զգում, քանի որ ունեն գերբնական կարողություններ՝ ի տարբերություն այլ մարդկանց։
Իրենք իրենց ուրուներն անվանում են լճի բնակիչներ՝ «կոտ-սուններ»։ Ըստ իրենց՝ ցեղի բնակիչները յուրահատուկ են և նման չեն այլ մարդկանց, կապ չունեն այլ քաղաքակրթությունների ներկայացուցիչների հետ։
Իբր՝ նրանք հնագույն արարածներ են, որոնք նախկինում այլ տեսք են ունեցել, սակայն աստիճանաբար մարդանման արտաքին են ստացել։ Ուրուները հավատում են քարե աստվածներին։ Ըստ նրանց խոսքերի՝ իրենց երակներում սև արյուն է հոսում, իսկ գանգն այլ ձև ունի։ Խոսում են այլ հնդկացիների համար անհասկանալի լեզվով։
Այս ամենը ֆիքսել է ֆրանսիացի մի պատմաբան, որն այցելել է ուրուներին և փորձել շփում հաստատել նրանց հետ՝ բավականաչափ տեղեկություններ ստանալով։