Հայկական կրթօջախները մշտապես կարևոր դեր են ունեցել Հայաստանի սահմաններից դուրս հայկականության պահպանման գործում: Այդ ավանդույթը շարունակվում է նաև այսօր:
Գերմանիայի Պադերբորն քաղաքում Կոմիտաս հայկական կրթօջախը բացել է իր դռներն այստեղ բնակվող հայ երեխաների համար։ Հիմնադիրները Աննա Բագրատյանն ու Անդրանիկ Տոնոյանն են: Ամուսիններն արդեն հինգ տարի է՝ ապրում են Գերմանիայում և տեսնելով այնտեղ բնակվող հայ երեխաների շրջանում հայերենի իմացության նվազման միտումը՝ եկել են կրթօջախի բացման որոշմանը:
«Սփյուռքում բնակվող մեր երեխաների շրջանում գնալով հայերենի իմացության նվազման միտում է նկատվում։ Նման տեմպերով շարունակելու դեպքում կունենանք Սփյուռքում բնակվող հայ սերունդ, որը չի կարողանա խոսել հայերեն։ Արդյունքում՝ կորցնելու ենք մեր լեզուն, մեր մշակույթը և բռնենք լիարժեք օտարացման ճանապարհը։ Փորձելով որոշակի ներդրում ունենալ այս խնդիրը լուծելու մեջ՝ որոշեցինք հիմնադրել հայկական կրթօջախ»,- մեզ հետ զրուցում նշեց ռեժիսոր, դերասան Անդրանիկ Տոնոյանը:
«Կոմիտաս» կրթօջախում դասավանդվելու է հայոց լեզու, հայ գրականություն և հայոց պատմություն։
Կրթօջախը բացվել է ԿԳՄՍ նախարարության և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո, նախարարության կողմից կրթօջախին են տրամադրվելու անհրաժեշտ ուսումնական նյութերն ու դասագրքերը:
«Համագործակցելով Սփյուռքի նախարարության հետ՝ տարբեր ծրագրերի միջոցով մոտիվացնելու ենք սաներին հայրենիքում գործունեություն ծավալելու, հայրենասիրության բարձրացմանը»,- նշեց Անդրանիկ Տոնոյանը:
Ամուսիններին իրավական հարցերով օգնում է Հասմիկ Գևորգյանը:
Անդրանիկ Տոնոյանի փոխանցմամբ՝ կրթօջախում արդեն կան տարիքային տարբեր խմբերի 40 սաներ:
«Հոգաչափ շնորհակալ ենք բոլոր աջակիցներին, քաջալերողներին և Աստծուց խնդրում ենք ուժ և իմաստություն՝ պատվով իրագործելու այս դժվարին, բայց շատ կարևոր գործը»,- եզրափակեց Ա.Տոնոյանը:
Անի Գաբուզյան