Հայաստանում անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 2169 պատահարից 516-ը վրաերթ է, որից 327-ը տեղի է ունեցել մայրաքաղաքում, 189-ը՝ մարզերում։ Վրաերթի ենթարկվածներից 53-ը մահացել են։ Այս մասին հուլիսի 16-ին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:
«Նման վիճակագրությունից խուսափելու համար անհրաժեշտ է, որպեսզի հետիոտները լրջորեն վերաբերվեն իրենց պարտականություններին՝ երթևեկելի մասը հատեն հետիոտնային անցումներով, ղեկավարվեն հետիոտնային լուսացույցի ազդանշաններով, չկարգավորվող հետիոտնային անցումներում երթևեկելի մաս դուրս գան՝ գնահատելով մոտեցող տրանսպորտային միջոցի արագությունն ու իրենց միջև եղած հեռավորությունը, և փողոցն անցնեն միայն այն դեպքում, երբ համոզված են, որ անցումն իրենց համար անվտանգ է:
Հետիոտնային անցումներից դուրս երթևեկելի մասը հատող հետիոտները չպետք է խոչընդոտ ստեղծեն երթևեկող տրանսպորտային միջոցների համար: Սրանք պարզագույն պարտականություններ են, որոնք անտեսողները երբեմն վճարում են կյանքով: Անցած վեց ամսվա ընթացքում տեղի ունեցած 516 վրաերթից 279-ի դեպքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտել են հետիոտները։ Մի կետից մյուսը մի քանի վայրկյան շուտ հասնելու համար չարժե ճանապարհն անցնել չթույլատրվող հատվածներով՝ վտանգելով կյանքը, նաև անհարմարություն ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար»,- ասված է հաղորդագրության մեջ:
Սակայն, ինչպես նախորդ, այնպես էլ հերթական զգուշացումը հասարակության մեծ մասին կարծես թե ո՛չ սթափեցնում, ո՛չ էլ հետաքրքրում է:
«Երթևեկելի մասի հետիոտնային անցո՞ւմ, հետիոտնային լուսացույցի ազդանշաններով ղեկավարվե՞լ, սա կարծես թե մեր հայրենակիցների համար ասված չէ: Չեմ հասկանում, միայն վարորդներին տուգանելո՞վ են հարցն ուզում լուծել: Առավոտից մինչև երեկո հետիոտնի՝ անօրինական փողոց անցնելու հարցը լուծեք: Չթույլատրված հատվածից հանկարծակի վարորդի դիմացն են կտրում ու կրակի մեջ գցում: Բոլոր զարգացած երկրներում վարորդին չեն դատում նման դեպքերում, իսկ մեզ մոտ մեղավոր են ճանաչում վարորդներին, դրա համար էլ հետիոտներն առիթավորվում, որտեղից ուզում՝ անցնում են: Սա դեռ մի կողմ՝ նաև լուսացույցի ազդանշաններն էլ նրանց համար գոյություն չունեն: Խայտառակություն է»,- մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:
Վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանի փոխանցմամբ՝ հետիոտնին կարմիր լույսի տակով անցնելու համար օրենքով 3000 դրամ տուգանք է հասնում:
«Եթե երեխայի հետ խախտում կատարած կնոջը մեկ անգամ տանեն բաժին՝ հաջորդ անգամ հաստատ նույն կերպ չի վարվելու՝ վտանգելով ոչ միայն իր, այլև երեխայի կյանքը: Երեխան գրկին որտեղից ուզում՝ անցնում են: Ճանապարհն անցնում են նաև հեռախոս խոսելով, ու այստեղ մեղավոր են ոչ միայն մարդիկ, այլև օրենքը չկիրառողները»,- նշեց Արտակ Խաչատրյանը՝ հայտնելով, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 131-րդ հոդվածով սահմանված են հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը և դրանց համար նախատեսված տուգանքի չափերը։
Հետիոտների և ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցների կողմից (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարորդների) ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, ճանապարհային երթևեկության կարգավորման ազդանշաններին չենթարկվելը, ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները խախտելն առաջացնում են տուգանքի նշանակում` 3000 դրամի չափով:
Հավելենք, որ հետիոտների կողմից ճանապարհով (այդ թվում` մայթերով կամ հետիոտնային արահետներով, իսկ դրանց բացակայության դեպքում` կողնակներով) շարժվելու կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով: Հետիոտների կողմից ճանապարհի երթևեկելի մասը հատելու կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Տրանսպորտային միջոցի ուղևորի կողմից ընթացքի ժամանակ տրանսպորտային միջոցի դռները բացելը կամ կանգնած տրանսպորտային միջոցի դռները բացելը, եթե դա խոչընդոտում է երթևեկության մյուս մասնակիցներին, ինչպես նաև ուղևորների կողմից տրանսպորտային միջոցից իրեր և առարկաներ նետելն առաջացնում են տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Մոպեդները, հեծանիվները կամ լծասայլերը վարելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով:
Վերոնշյալ արարքները կատարելը, որոնք ստեղծել են վթարային իրադրություն` առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 դրամի չափով:
Ճանապարհներով անասուններ քշելու կանոնները խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` 10 000 դրամի չափով:
Անի Կարապետյան