
Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում հակառակորդը փորձել է առաջանալ, սակայն այդ փորձը կասեցվել է․ Factor.am-ին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։ Հիշեցնենք, որ հուլիսի 30-ին Վարդենիս քաղաքի ուղղությամբ հայկական կողմը ադրբեջանական զինված ուժերին պատկանող Aerostar անօդաչու սարք էր խոցել, իսկ ավելի վաղ՝ հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ էին ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։
Հայկական կողմն այդ օրը հաղորդել էր 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:
Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը 10։40-ից հաստատվել էր հրադադար, որը, սակայն, ադրբեջանական կողմը պարբերաբար խախտում է։