Ջերմային հյուծումը մի շարք տհաճ ախտանիշներ ունի, որոնք կարող են առաջանալ ջերմության եւ օրգանիզմի` մարմնի ջերմաստիճանն իջեցնելու մեխանիզմների խափանման պատճառով:
Ջերմային հյուծման վտանգը մեծանում է այն երեխաների մոտ, ովքեր ավելորդ քաշ ունեն, արեւայրուք են ստացել կամ անառողջ են տվյալ պահին: Բացի այդ, այդ ռիսկը մեծանում է ՝ միզամուղ դեղամիջոցների, ուշադրության պակասի խանգարման, ալերգիայի եւ միգրենի բուժման դեղամիջոցների, ինչպես նաեւ հակադեպրեսանտների ընդունման դեպքում:
Ջերմային հյուծման ախտանիշներն են.
- Մարմնի ջերմաստիճանի բարձրացում
- Սառը եւ կպչուն մաշկ
- «Սագի կաշի»
- Ուշաթափություն եւ գլխապտույտ
- Թուլություն
- Գլխացավ
- Ուժեղ քրտնարտադրություն
- Ուժեղ ծարավ
- Գրգռվածություն, ագրեսիա
- Տեղային մկանային սպազմեր
- Սրտխառնոց եւ/կամ փսխում
Նորածինների մոտ ջերմային հյուծումը բնութագրվում է հետեւյալ ախտանիշներով.
- Լաց, դյուրագրգռություն
- Արագացած շնչառություն
- Ավելորդ քնկոտություն, անքնություն, արթնանալու անկարողություն
- Փսխում:
Ի՞նչ անել, եթե երեխան կամ մեծահասակը ջերմային հյուծում ունեն: Եթե նկատել եք այս նշաններից մեկը կամ մի քանիսը, տուժածին տարեք զով, ստվերած տարածք: Այնուհետեւ խորհուրդ է տրվում նրա հագուստը թրջել սառը ջրով կամ պատել նրան խոնավ սառը սրբիչով:
Եթե տուժածը երեխա է եւ վերջույթների կամ որովայնի ցավոտ ջղաձգումներ է ունենում, ցանկալի է նրբորեն մերսել եւ ձգել մկանները:
Ջերմային հյուծման դեպքում նաեւ աղ պարունակող զովացնող ըմպելիքներ են խորհուրդ տրվում: Դրանք կարող են լինել, օրինակ, սպորտային ըմպելիքներ կամ գաստրոէնտերիտի դեպքում նշանակվող ըմպելիքներ: