Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչ Ռուսաստան ժամանած Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցությունների մեկնարկը ծաղկեփունջ հանձնեց նրան:
Ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի` նախագահի հանդիպման սկզբում հանկարծակի զանգ հնչեց. պարզվեց, որ Գերմանիայի կառավարության ղեկավարը, ըստ երեւույթին, մոռացել էր անջատել բջջային հեռախոսը:
Ռուս առաջնորդի ողջույնի խոսքի ժամանակ զանգի ձայն հնչեց, առաջին պահին ոչ ոք, կարծես, չգիտեր` ինչպես արձագանքել: Բայց հետո Մերկելը, գլխի ընկնելով, գրպանից հանեց հեռախոսը եւ, հավանաբար, անջատեց այն կամ միացրեց անձայն ռեժիմը: Պուտինը ցույց չտվեց, որ ուշադրություն է դարձրել այդ միջադեպին, եւ շարունակեց իր խոսքը:
Մերկելն ուրբաթ օրն այցով ժամանել է Մոսկվա որը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին այցը Ռուսաստան: Սեպտեմբերին Գերմանիայում կանցկացվեն Բունդեսթագի ընտրությունները, որոնց նա չի մասնակցի: Պուտինի հետ հանդիպումից հետո Մերկելն օգոստոսի 22-ին կայցելի Կիեւ: Այցի ընթացքում քննարկվելիք հարցերի թվում են տնտեսությունը, էներգետիկան, անվտանգությունը եւ հրատապ միջազգային խնդիրները: