Վրեժն ու Քրիստինան շատ դժվարությունների միջով են անցել. Քրիստինան սիրելիի կողքին է եղել, երբ նա անճանաչելի էր, կոմայի մեջ։ Հիմա էլ միասին նոր փորձություն պիտի հաղթահարեն. գերմանացի բժիշկն ասել է` Վրեժի տեսողությունը հնարավոր է վերականգնել։
Վրեժի ու Քրիստինեի սերը հաղթել է մեր պարտված պատերազմին։ Նրանց սերը թևեր է տալիս դիմացինին ու համոզում` երբեմն նաև կարող ենք թռչել, եթե սիրելիի հետ ենք…
Վրեժը պատերազմի ժամանակ կորցրել է մեկ աչքը և մյուսի տեսողությունը։ Այժմ նրա աչքերն են դարձել օրերս իր կինը դարձած Քրիստինեի ձեռքերը. նրանք օգոստոսի 11-ին են ամուսնացել։
20-ամյա Վրեժ Բադալյանն արդեն իսկ 1 տարի ծառայել էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը։ Վրեժը Մատաղիսում էր ծառայում, և պատերազմը սկսվելուց 5 օր անց թշնամին գրավեց նրանց դիրքը։
«Սկզբում մտածեցինք` երևի Թալիշն են ուզում գրավել, ինչին թշնամին հասավ պատերազմը սկսվելու հենց հաջորդ օրը` սեպտեմբերի 28-ին։ Թալիշում երկու մոտ ընկերներս զոհվեցին։ Նրանց ամենադաժան ձևով էին սպանել, չէին կրակել։ Թալիշից մեր գնդից միայն կեսը վերադարձավ։ Մյուսները զոհվեցին, ու հասկացանք` ամեն ինչ լուրջ է, քանի որ թշնամին առաջ էր գալիս»,–պատմում է Վրեժը։
Պատերազմի օրերը հիշելն այնքան էլ Վրեժի սրտով չէ. խոսելիս նյարդայնանում է։ Քրիստինեն նկատում է ու շոյում ամուսնու մորուքը։
Կարճ դադարից հետո Վրեժը շարունակում է պատմել, որ հետո թշնամին Մատաղիսի համար է սկսել կռիվ տալ. հոկտեմբերի 2-ին թեժ մարտեր են ընթացել, որոնց ժամանակ էլ վիրավորվել է։ Առաջին անգամ ընկերոջ հետ խրամատում են եղել, երբ սկսել են հրթիռակոծել «Գրադ»–ից։ Վնասվել է Վրեժի ձեռքը, ոտքը, թոքը։ Սակայն տեսնելով, որ ընկերն ավելի շատ վնասվածքներ ունի (որովայնն է պատռվել)` իր ցավն ու թոքի վնասվածքի հետևանքով շնչառական անբավարարությունն անտեսել է և ընկերոջ կյանքն է փրկել` նրան սողեսող դիրքերից ներքև իջեցնելով։
Հետո ընկերները Վրեժին էլ զինվորական մեքենայի թափքին են դրել Ստեփանակերտ հասցնելու համար, սակայն ճանապարհին ԱԹՍ–ով հարվածել են մեքենային։
«Միայն հիշում եմ, որ օդ թռա, և վերջ, գիտակցությունս կորցրել եմ։ 22 օր կոմայի մեջ եմ եղել և արթնացել արդեն Երևանում` «Էրեբունի» հիվանդանոցում։ Արթնացա, բայց ոչինչ չէի տեսնում, մատս անգամ շարժել չէի կարող։ Ցավերին դիմանալու համար նորից արհեստական կոմայի մեջ գցեցին։ Օրեր անց կրկին արթնացա ու հասկացա` տեսողությունս կորցրել եմ»,–պատմում է Վրեժն ու, չնայած այն հանգամանքին, որ ծխել չի կարելի, քանի որ թոքը վնասված է, Քրիստինեին խնդրում է ծխախոտ տալ։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am