Իմ հաճախորդները պետք է լինեն կանայք, ովքեր հստակ գիտեն՝ կյանքում ինչ են ուզում, ուր են գնում. Լարա
Advertisement 1000 x 90

Իմ հաճախորդները պետք է լինեն կանայք, ովքեր հստակ գիտեն՝ կյանքում ինչ են ուզում, ուր են գնում. Լարա

Որքա՞ն ժամանակ ենք անցկացնում խանութներ այցելելու, հագուստ գնելու, գույները՝ նորաձևության վերջին թրենդներով համադրելու և կրելու վրա: Վստահաբար, շատ ավելին, քան մտածում եք հայ դիզայներական հագուստի մասին:

Այնինչ, մեր շուրջն ապրում են մարդիկ, որոնք աստիճանաբար իրենց քայլերն են անում ստեղծագործական կարիերայի աստիճանով բարձրանալու համար: Նրանցից մեկը երիտասարդ դիզայներ Լարա Գալստյանն է:

Էսթետիկ դետալների և վինտաժ ժանյակի սիրահար Լարան նորաձևությամբ սկսել է հետաքրքրվել դպրոցական հասակից:

«Սկզբում նկարչությամբ էի զբաղվում, հետո ժամանակի ընթացքում հասկացա, որ նկարչական գիտելիքներս ուզում եմ օգտագործել հագուստի մոդելավորման մեջ։ Մինչև սովորելը՝ մոտ մեկ տարի պրակտիկա եմ անցել նորաձևության տանը, ու այդ ժամանակ եմ առաջին անգամ ինձ համար հին ջինսի կտորներից պայուսակ կարել, մոտ 2 տարի օգտագործեցի, շատ էի սիրում»,- 168.am-ի հետ զրույցում պատմում է Լարան:

«Պրակտիկայից հետո արդեն վստահ էի, որ ուզում եմ այդ ուղղությամբ շարունակել, քանի որ վստահ սիրել էի հագուստի ստեղծման բոլոր փուլերը՝ էսքիզից մինչև վերջնական արդյունք։ Ընդունվեցի Մանկավարժական համալսարանի հագուստի մոդելավորում բաժինը, բայց մեկ տարի սովորելուց հետո դուրս եկա ու տեղափոխվեցի «Ատեքս» նորաձևության դպրոց, որը շատ լավ որոշում էր:

Սկզբում ինձ միայն պատկերացնում էի դիզայներական հագուստներ ստեղծելու մեջ, բայց էնպես ստացվեց, որ սովորելու ընթացքում սկսեցի աշխատել հագուստի արտադրությունում: Սկզբում կարում էի, հետո արդեն հագուստներ նախագծում, ու սկսեցի շատ սիրել նաև արտադրությունը, ու ինձ պատկերացնում եմ և՛ արտադրության մեջ, և՛ բարձր նորաձևության»,- ասում է Լարան:

Երիտասարդ դիզայների նպատակը սեփական բրենդի ստեղծումն է, որը ներդաշնակ կլինի իր աշխարհին.

«Վերջնական նպատակս՝ ստեղծել բրենդ, որը մրցունակ է ամբողջ աշխարհում, որը կարտացոլի իմ ներաշխարհը, իմ պատկերացումները, ու ես ամբողջությամբ ազատ կլինեմ ստեղծել այն, ինչ ուզում եմ, ինչ զգում եմ»,- ասում է Լարան:

Փարիզում, Նյու Յորքում դիզայներական հագուստ ձեռք բերելը և կրելը շատ կանանց համար առօրյա զբաղմունք է, Հայաստանում վերջիններս նախապատվությունը տալիս են մասս-մարկետին՝ թե՛ տեղական դիզայներական հագուստի ոչ լայն ընտրանու, թե՛ դրանց բարձր գնի պատճառով:

Մեզ հետ զրույցում Լարան պատմում է, թե երբ է պատրաստվում իրեն նվիրել բարձր նորաձևությանը.

«Դեռ չեմ պատրաստվում դիզայներական հագուստով զբաղվել, հիմա մտածում եմ սեփական արտադրություն ունենալու մասին, որը կլինի բարձր որակի կարով, ճիշտ մտածված դիզայնով և յուրակատուկ ոճով։ Հետագայում, երբ զարգացնեմ արտադրությունս, կնվիրեմ ինձ բարձր նորաձևությանը։

Այս պահին նոր հավաքածուի վրա եմ աշխատում, նպատակ կա նոր բրենդ սկսելու, որը կլինի առօրյա հագուստ, ոճային ու թեթև»:

Լարան, ով կարող է ոգեշնչվել ցանկացած բանից՝ լինի ֆիլմ, գիրք թե մարդ ու երաժշտություն, պատկերացնում է՝ ինչպիսին է լինելու իր հաճախորդը.

«Իմ հաճախորդները պետք է լինեն արվեստի մարդիկ, ինտելեկտուալ, գործունյա կանայք/աղջիկներ, ովքեր հստակ գիտեն՝ կյանքում ինչ են ուզում, ուր են գնում»:

Բլից հարցում

– Շանե՞լ, թե՞ Դիոր։

– Դիոր:

– Բամբա՞կ, թե՞ մետաքս։

– Բամբակ:

– Դասակա՞ն ոճ, թե՞ առօրյա։

– Առօրյա:

– Նյու Յորքի՞, թե՞ Փարիզի նորաձևության շաբաթ։

– Փարիզի:

– Լինել լավագույնը Հայաստանո՞ւմ, թե՞ ունենալ բրենդային, բայց փոքր խանութ Փարիզում։

– Իհարկե, շատ կարևոր է քո սեփական երկրում ճանաչվելը, հաջողություն ունենալը, բայց, եթե ուզում ես աճել, միշտ պետք է մրցես, ոգեշնչվես դրսի շուկայից, քանի որ էստեղ հաջողելը շատ ժամանակ միայն ֆինանսի հետ է կապված լինում, ու ինչ-որ կետի հասնելով կանգնելը լճացման է բերում: Իհարկե, կուզեմ խանութ ունենալ Փարիզում, երազանք է։

– Աշխատել միայնա՞կ, թե՞ ունենալ թիմ։

– Սիրում եմ թիմով աշխատել, ու ցանկացած հաջողված բիզնեսի հիմքում ընկած է թիմային մեծ աշխատանք։

Անի Գաբուզյան



Նման նյութեր