Երևանի ամենասրտում՝ նախաճաշի սեղանի շուրջ հիշելով ոչ վաղ անցյալը և վերլուծելով դրա հետևանքները՝ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք «Որդան կարմիր» խմբի թմբկահար Պայքար Չախոյանի հետ:
Ոչ թե զինվորն է պարտվում, այլ պարտվում է համակարգը
Հետպատերազմյան շրջանը հաղթահարում եմ միմիայն ստեղծագործելով: Դա ամենակարևոր բանն է. եթե մարդ իր անելիքը չանի, հենց դրանով է պարտվում: Նույնն էլ պատերազմի ժամանակ էր: Պարտվում է ոչ թե ինչ-որ մեկը, ոչ թե զինվորն է պարտվում, այլ պարտվում է համակարգը, որտեղ ամեն մեկն իր դերն ունի: Ամեն մեկն իր անելիքը չի արել, և համակարգը պարտվել է:
Քաջ կդառնանք այն ժամանակ, երբ այս ամեն ինչը հաղթահարենք
Ահագին բաներ են փոխվել: Հաստատ էլ չեմ ուզում երգել, որ շատ քաջ տոհմի զավակներն ենք, ահավոր ցավ է հիմա. հաստատ ամենաքաջ տոհմի զավակները չենք, այնքան ժամանակ, մինչև աչքս չտեսնի, որ քաջ ենք: Քաջ կդառնանք այն ժամանակ, երբ այս ամեն ինչը հաղթահարենք ամեն մեկս մեր հերթին:
Հիմա նոր գործեր ունենք, նոր տրամադրություն ունենք, կարևորը՝ փոփոխություն կա: Չգիտեմ՝ համերգ երբ կլինի, բայց որ էղնելու է, հաստատ: Հուսով եմ, որովհետև այդպես եմ տրամադրված: Պատերազմն իր հերթին է դաստիարակել՝ ոչ թե չգիտեմ՝ ոնց է էղնելու, այլ հաստատ գիտեմ, որ լավ է էղնելու: Ոնց կլինի՝ ինձ չի հետաքրքրում, հաստատ լավ է լինելու:
Ինչ էմոցիա կար, ինչ տպավորություն, երևի ճիշտ էր ներդնել ստեղծագործելու մեջ: Հետաքրքիր բաներ են ստացվել դրա հետևանքով: Պետք է որ շատ լավ բան ստացվի, ոչ թե սիրուն բան է, որը պետք է ուրախացնի, այլ զգացվում է, որ այդ ժամանակ արված բան է, ազդեցությունը զգացվում է:
Շատ ծայրահեղ զգացողություն էր, որը ստիպում էր փոխվել
Փոփոխությունները պատերազմի ընթացքում սկսվեցին: Չեմ ուզում ասել՝ անճարություն զգացի, բայց շատ ծայրահեղ զգացողություն էր, որը ստիպում էր փոխվել, կարևոր բաների մասին մտածել, անցումային ոչ մի բան այլևս չէր հետաքրքրում:
Եթե սովորություն ունեի ամեն օր գնալու ինչ-որ տեղ՝ համով բան ուտելու, այդ միջանկյալ սիրած բաները վերացան, կարևորները՝ միացան, հիմա զրոյական կետն այդ ծայրահեղություններն են, հետո դա կբթանա, կդառնա առօրյա, առօրյայից էլ նոր բան կստեղծվի: Ամեն ինչ միայն կառուցողական:
Միշտ լուծում կա
Ինչ կարողացել եմ, արել եմ: Ես պեդալներ եմ սարքում: Պեդալները պատերազմում պետք չեն գալիս, բայց վաճառել եմ, փողն է գնացել այդտեղ: Պարզ: Միշտ լուծում կա:
Պատերազմի ժամանակ համերգներ էին լինում, հավաքված գումարը գնում էր բյուջե կամ օգնության ֆոնդերին: Հնարավորություն միշտ կա: Անպիտան մասնագիտություն գոյություն չունի: Թխվածքն էլ կարող է զենքի համար ծառայել:
Մեծ քաղաքներում անտարբերությունն ավելի մեծ է, քան պրովինցիաներում
Հետաքրքիրն ինչ էր, որ Վանաձորում, երևի կենտրոնից դուրս բոլոր տեղերում, ավելի ծանր էին տանում, իմ տեսնելով, քան Երևանում: Ես պատերազմի ժամանակ մի քանի անգամ եղել եմ այստեղ՝ Երևանում, ու նկատել եմ, որ մասսա գոյություն ունի, ասես, հետը բան պատահած չեղնի. սրճարաններում նստած նույն ձև: Վանաձորում մարդ ընդհանրապես տնից դուրս չէր գալիս, հաշված մարդիկ, այդ մարդիկ էլ սրճարանում չէին: Այդ տարբերությունը չգիտեմ՝ ոնց գնահատեմ: Գուցը ձևն է այդպիսին. մեծ քաղաքներում անտարբերությունն ավելի մեծ է, քան պրովինցիաներում: Չեմ դատում: Չի կարելի մեկին մեղադրել, ամեն մեկն ինքն իր համար փոխվի, լավացնի, ուղղվի: Կառուցողական: Հետքայլ իմաստ չունի, հաստատ կվերացնեն մեզ:
Ոնց կլինի, ինչ կլինի՝ ինձ չի հետաքրքրում, կարևորը՝ գործ են անում
Վանաձորի մշակութային կյանքում փոփոխություններ փոքր-փոքր տեսնում եմ, բայց որ աչքս ծակի, ոչ մի տեղ չեմ տեսնում: Գուցե պատրաստվում են:
Մեզնից էլ երկար ժամանակ ոչինչ չի լսվել, մենք պատրաստվում ենք: Կարող է նույն բանն է կատարվում: Բացասական ոչ մի բան չեմ ուզում ասել: Ինձ թվում է՝ մի բան դուրս կգա:
Վանաձորում նոր խումբ կա, սպասում եմ իրենցից նորությունների: Ոնց կլինի, ինչ կլինի՝ ինձ չի հետաքրքրում, կարևորը՝ գործ են անում: Եթե սկզբից վատն էղնի, հետո հաստատ լավը կդառնա:
Սերնդափոխության ժամանակ, ովքեր որ չեն հասկանում, կֆիլտրվեն
Փոխվելու են այն մարդիկ, ովքեր հասկացել են, ու փոխելու են այդ մարդիկ: Սերնդափոխության ժամանակ, ովքեր որ չեն հասկանում, կֆիլտրվեն, փոփոխությունն այդպես է ձևավորվում: Միշտ այդպես է եղել, միշտ պրակտիկայի վրա են սովորել:
Օրինակը միշտ Ամերիկայի վրա եմ բերում. մի տասը տարի առաջ կինը չէր կարող անգամ ընտրությունների մասնակցել, բայց այսօր դա այն երկիրն է, որը քարոզում է ֆեմինիզմը: Հները ֆիլտրվում են:
Ոչ մի բան անպատասխան չի մնալու
Հիասթափություն կառավարությունից, իհարկե, կար, որովհետև հենց այդ լոզունգը, բանալի բառը (նկատի ունի «Քայլ արա»-ն, որը խմբի երգերից է։- Ա.Գ.) օգտագործեցին այն մարդիկ, որոնք պարտվեցին, երկիրը տարան պարտության: Ահավոր վատ ես զգում դրա համար. այնպիսի զգացողություն կա, որ երգն ասոցիացնեն դրա հետ: Բայց նոր երգերում այդ հարցերը լուծվում են: Ոչ մի բան անպատասխան չի մնալու: Իսկ դա հեղափոխություն չէր, հեղափոխությունն այսպես չէր կարող լինել. տիպիկ խաբկանք է եղել, պոպուլիզմի սկիզբն էր:
Զրույցը՝ Անի Գաբուզյանի
Լուսանկարը՝ Գրիգոր Դանիելյանի