Օգոստոսի 22-ին Գյումրիում հորդառատ անձրևի հետևանքով ջրածածկ են եղել մի շարք փողոցներ: Ֆեյսբուքյան օգտատերերը լուսանկարներ և տեսանյութեր են հրապարակում, որոնցից պարզ է դառնում, որ մոտ 20 րոպե տևած անձրևից հետո անանցանելի վիճակ է ստեղծվել Ռուսթավելի, Պուշկինի, Շիրակացի, Պարույր Սևակի և մի շարք այլ փողոցներում: Ջրահեռացման համակարգերն առանձին փողոցներում բացակայում են, եղածներն էլ չեն կարողացել միանգամից մեծ ծավալի ջուրը հեռացնել:
Թաղամասերում բնակիչները բացել են դիտահորերը, որպեսզի սելավաջրերը հեռացնեն, այլապես կողողվեին հարակից տները: Այս փողոցներում վիճակը նույնն է յուրաքանչյուր հորդառատ անձրևից հետո:
Շիրակի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնից SHANTNEWS-ին փոխանցել են, որ ընդամենը մեկ ահազանգ են ստացել: Անի թաղամասում՝ Պարույր Սևակ փողոցում մեքենա է արգելափակվել ջրում: Մեքենան ջրից դուրս բերելու համար պահանջվել է փրկարարների օգնությունը:
Հորդառատ անձրևի պատճառով Գյումրիում նաև հոսանքազրկումներ են տեղի ունեցել: