Փաստացի ծառայության մեջ չլինելուց հետո չի կարելի գալ ու ծառայությունից ազատելու մասին խոսել․ Րաֆֆի Ասլանյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարության մասին. armdaily.am
Advertisement 1000 x 90

Փաստացի ծառայության մեջ չլինելուց հետո չի կարելի գալ ու ծառայությունից ազատելու մասին խոսել․ Րաֆֆի Ասլանյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարության մասին. armdaily.am

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր Ազգային Ժողովում «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Սարգսյանի ելույթին։ Մասնավորապես նա գրել է. «Շատերը գուցե տեղյակ չեն, ուստի ասեմ, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը ևս զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է, երբ Սեյրան Օհանյանն էր ՀՀ պաշտպանության նախարարը, հիմա ու՞մ է մեղադրում, ի՞նչ երեսով, ի՞նչ հիմքով»։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանի կենսագրությունում նշված է, որ նա ծառայություն է անցել ԶՈՒ-ում։

ArmDaily.am-ը կապ հաստատեց Րաֆֆի Ասլանյանի հետ և փորձեց պարզել, թե ի՞նչ նկատի ունի՝ ասելով, որ Հայկ Սարգսյանը փաստացի ազատվել է ծառայությունից։

«Ես գրել եմ զինվորական ծառայությունից փաստացի ազատվել է, փակագծեր չեմ բացի՝ դրա կարիքը չեմ տեսնում։ Պարզապես ես անձնավորված որևէ բան չունեմ որևէ մեկի՝ այդ թվում Հայկի հետ կապված։ Շատ-շատ ինձ մտերիմ մարդկանց խաթրը նաև հաշվի առնելով՝ պարզապես ինձ համար անընդունելի է, երբ որ բանակի ծառայության հարցեր են բարձրացնում մարդիկ, ովքեր փաստացի ծառայության մեջ չեն եղել։ Առավելևս, երբ մեղադրում են հերոս մարդկանց, ովքեր ամեն դեպքում, բոլոր թերություններով հանդերձ՝ արյուն են թափել այս հողի համար»,-ասաց իրավաբանը։

Րաֆֆի Ասլանյանը նշեց, որ հենց դա է իրեն զայրացնում։ Նա ասաց, որ այս հրապարակումն իր կողմից սթափության կոչ էր՝ նմանատիպ բաներ չանելու համար։ Ասլանյանն ասաց, որ Հայկ Սարգսյանը անկախ ամեն ինչից չպետք է մեղադրի մի մարդու, ով բանակի հարցում իրենից ավելի շատ ներդրում ունի։ Փորձեցինք հստակեցնել, թե ինչ նկատի ունի, երբ ասում էր, որ Հայկ Սարգսյանը փաստացի չի ծառայել՝ Ասլանյանն ասաց. «Կան մեխանիզմներ, որոնք անձին հնարավորություն են տալիս չլինել զինվորական ծառայության մեջ փաստացի՝ այդ մեխանիզմներից մարդիկ կարող են օգտվել։ Հիմա սա երկրորդական հարց է։ Ես կուզենամ, որպեսզի բանակից չխոսեն մարդիկ՝ առավել ևս Ազգային ժողովի ամբիոնից, մարդիկ, ովքեր իրենք փաստացի չեն ծառայել, ավտոմատ, զենք իրենք փաստացի չեն կրել, մարտական հերթապահության մեջ չեն եղել։ Սա բարոյական չի՝ անկախ ամեն ինչից։ Մնացածը, եթե որևէ մեկը ցանկանա մանրամասներ այլ կերպ՝ ես կմանրամասնեմ, բայց ոչ լրատվամիջոցների համար՝ դրա կարիքն առայժմ չեմ տեսնում»։

Նա հավաստիացրեց, որ եթե իր ասածները կասկածի տակ դնեն՝ այնժամ միգուցե ստիպված լինի որոշ մանարամասներ հանրայնացնել, բայց մեր հորդորներին անհաղորդ մնաց ու չբացեց փակագծերը։ Փաստաբանը հավելեց, որ Հայկ Սարգսյանի դեպքում փաստացի զինվորական ծառայության մեջ չլինելու խնդիրն է, որն ի դեպ անօրինական չէ։

«Դա ուրիշ մեխանիզմ է, որը չասեմ ապօրինություն է՝ ինքն ապօրինի չի, բայց բանակում ամեն մեկը դրանից չի կարող օգտվել՝ այսպես ասեմ»,-ասաց Ասլանյանը։

Մեր հարցին, թե Հայկ Սարգսյանը ծառայության ժամանակ արտոնյալ է եղել, ասաց, որ ոչ ու հավելեց, որ մեխանիզմը, որից օգտվել է Հայկ Սարգսյանը՝ ապօրինի չի, սակայն փաստացի ծառայության մեջ չլինելուց հետո չի կարելի գալ ու ծառայությունից ազատելու մասին խոսել, առավելևս այն նախարարի մասին, ով առնվազն առողջություն է քայքայել այս հողի ու հայրենիքի համար։

armdaily.am



Նման նյութեր