ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի և Ալավերդու համայնքապետ Սասուն Խեչումյանի ուղեկցությամբ այցելել են Սանահին վանական համալիր:
Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից՝ մանրամասնելով, որ այցի նպատակը վանական համալիրի հյուսիսային հուշարձանախմբի՝ Զաքարյանների դամբարան-մատուռի և Արղության-Երկայնաբազուկների դամբարանի ամրակայման, նորոգման ու վերականգնման նախատեսվող աշխատանքների ազդարարումն էր:
«Դեռևս անցած տարի Հայաստանում ԱՄՆ դեսպանատան դրամաշնորհային ծրագրի (ֆինանսավորման) շրջանակում պատվիրակվել էին ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքի վարչական տարածքում գտնվող Սանահին վանական համալիրի հարավարևելյան հուշարձանախմբի՝ Սբ. Հարություն, Սբ. Հակոբ եկեղեցիների և Տուտեորդու խաչքարի ուսումնասիրման, նախագծային և վերականգնողական աշխատանքները։
Մշակութային պահպանության աշխատանքներն ամբողջականացնելու նպատակով ԱՄՆ դեսպանի մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի կողմից հավելյալ հատկացվել է 192.000 ԱՄՆ դոլար: Հարավարևելյան հուշարձանախմբի աշխատանքներն իրականացնելու համար 2019 թ. հատկացվել էր 100.000 ԱՄՆ դոլար»,- նշել են նախարարությունից: