Երկու օր առաջ Ազգային Ժողովում տեղի ունեցած երկրորդ կռվի ժամանակ, որը պատգամավորների միջև ծագեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանի ելույթի ժամանակ, իշխանական ֆրակցիայի թվով 4-5 պատգամավոր հարձակվեցին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի վրա։ Միջադեպի կադրերում ակնհայտ երևում է, որ ԱԺ նախագահության համար հատկացված հարթակից Ի. Սաղաթելյանի իջնելու պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության միանգամից մի քանի անդամ վազում են նրա ուղղությամբ ու սկսում հարվածներ հասցնել Իշխան Սաղաթելյանին։ Նրանք չեն հանդարտվում անգամ այն բանից հետո, երբ վերջինս ընկնում է գետնին և շարունակում էին հարվածել ԱԺ նախագահի տեղակալին ոտքերով։
Times.am-ի տեղեկություններով Իշխան Սաղաթելյանի վրա նկարագրված խուլիգանական այդ հարձակումը նախապես պլանավորված է եղել իշխանական ֆրակցիայի կողմից։ Ըստ մեր տեղեկությունների, նման գործողություն իրականացնելու հրաման ՔՊ-ականները ստացել են անմիջապես Փաշինյան Նիկոլի կողմից։ Օպերացիայի համակարգողներ են նշանակվել Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը, որոնք էլ ընտրել են, թե իրենց ֆրակցիայի անդամներից ով պետք է ներգրավված լինի Իշխան Սաղաթելյանին ծեծելու այդ գոևծողության մեջ։
Ըստ մեր տեղեկությունների, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի «վախը բռնելու» մասին իշխանական պատգամավորները վաղուց էին մտմտում՝ այս գումարման խորհրդարանի գործունեության գրեթե առաջին օրից։ ՔՊ-ականները դեռևս այն ժամանակ էին ֆիքսել Սաղաթելյանի ազդեցիկ դիրքերն ընդդիմության շրջանում և այն փաստը, որ իր կտրուկ ելույթներով նա տոն էր տալիս նաև ընդդիմադիր այլ պատգամավորների խոսքին։ «Գլխից է պետք բռնել», հղվելով Սերժ Սարգսյանի հայտնի խոսքերին, իշխանական մի քանի պատգամավորների ներկայությամբ այն ժամանակ ասել է Խ. Սուքիասյանը, որը զուգահեռ սակայն տարիքով ավելի ավագ ընդդիմադիր պատգամավորներին խնդրում էր Իշխան Սաղաթելյանին «կոնստրուկտիվ դաշտ» բերել։ «Շատ ագրեսիվ է», – այն ժամանակ բողոքում էր Խաչատուր Սուքիասյանը։
Սակայն Սաղաթելյանի հետ հարաբերություններ կարգավորելու, առավել ևս՝ նրան կանխատեսելիության դաշտ բերելու իշխանական ֆրակցիայի բոլոր փորձերն ապարդյուն անցան։ Այդ է պատճառը, որ փոխարենը նրանք որոշեցին բիրտ ուժի միջոցով լռեցնել ԱԺ փոխխոսնակին։ Ըստ մեր աղբյուրների՝ Իշխան Սաղաթելյանի վրա քսի տրված պատգամավորների առջև խնդիր էր դրված այնպես վնասել Սաղաթելյանի դեմքը, որ վերջինս գոնե մինչ Կառավարության ծրագրի ընդունումը (ասել է՝ Փաշինյան Նիկոլի ԱԺ դահլիճում գտնվելու ժամանակահատվածը) չկարողանա որևէ ելույթ ունենալ և/կամ հանրային խոսք ասել։ Սակայն վերջիններս ձախողեցին այդ խնդրի կատարումը՝ թույլ տալով Ի. Սաղաթելյանին շարունակել իր ընդդիմադիր ակտիվ գործունեությունը։
P.S. Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները չեն պատրաստվում սահմանափակվել Ի. Սաղաթելյանին ծեծելու փորձով։ Նրանք հանձնարարել են ՀՀ քննչական մարմիններին Իշխան Սաղաթելյանի կամ նրա հարազատներից որևէ մեկի դեմ քրեական հետապնդում սկսել։ Դատախազությունն արդեն իսկ լծվել է այդ հրամանի կատարման գործին։
Աղբյուրը՝ Times.am