Սյունիքի ճանապարհին մնացած բեռնատարները փորձում են փակ ճանապարհի փոխարեն տեղ հասնել այլընտրանքային գրունտային Տաթև–Կապան ճանապարհով։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին պատմել են Սյունիքում` Գորիսի ճանապարհին հանդիպած 3 բեռնատար ավտոմեքենաների վարորդները։
«Տաթև-Կապան ճանապարհով հնարավոր է տեղ հասնել, սակայն այն բավականին նեղ է և կարող է ազատ տեղաշարժի առումով դժվարություններ առաջացնել»,– ասացին վարորդները։
Նրանց խոսքով` իրենք առաջինն են, որ փորձում են անցնել այդ ճանապարհով, ու արդեն ստիպված են եղել փոխել վնասված անիվը։
«Վաղը կարող է կռիվ սկսվի, բա չինանա՞նք` ինչ ճանապարհով ենք զենք հասցնելու»,– ասաց վարորդներից մեկը` հավելելով, որ ներկա պահին Արցախի համար հյութեր են տանում ու խմելու ջուր։
Ճանապարհն առավել անցանելի դարձնելու համար բեռնատարների վարորդները կարևորեցին դրա լայնացումը հնարավորինս կարճ ժամկետներում։
Հասնելով Գորիսում տեղակայված անցակետ` Sputnik Արմենիայի նկարահանող խումբն արձանագրեց, որ այդ հատվածից սկսած` այն դեռևս փակ է մնում, բայց բեռնատարների մեծ կուտակումներ այստեղ ևս չկային։
Հեղուկ գազ տեղափոխող 2 պարսկական բեռնատարի վարորդները ճաշում էին, և հավանաբար նրանք ևս շուտով կհետևեն իրենց հայ գործընկերների օրինակին` Տաթևի այլընտրանքային ճանապարհով հասնելով Իրան։