Ինչով է պասիվ ծխելը վտանգավոր կանանց համար
Advertisement 1000 x 90

Ինչով է պասիվ ծխելը վտանգավոր կանանց համար

Պասիվ ծխելը ոչ միայն մեծացնում է քաղցկեղի առաջացման վտանգը, այլեւ կարող է հանգեցնել կանանց մոտ ռեւմատոիդ արթրիտի զարգացման, ինչպես պարզել են ֆրանսիացի գիտնականները:

Ռեւմատոիդ արթրիտը հոդերի համակարգային հիվանդություն է, որը աուտոիմունային բնույթ ունի՝ օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները սկսում են հոդերի հյուսվածքներն ընկալել որպես օտարածին եւ քայքայել դրանք: Բորբոքային գործընթացն առաջացնում է ոսկրային հյուսվածքի գերաճ, հոդային կռճիկի քայքայում, մկանների, ջլերի ախտահարում եւ անդառնալի դեֆորմացիա: Կանանց մոտ այս հիվանդությունը ախտորոշվում է 2-3 անգամ ավելի հաճախ, քան տղամարդկանց մոտ:

Նոր հետազոտության հեղինակները պարզել են, որ հետազոտությանը մասնակցած մոտավորապես յոթ կանանցից մեկը (13,5%) մանկության ընթացքում ենթարկվել է ծխախոտի ծխի, իսկ կեսից ավելին (53,6%) չափահաս տարիքում պասիվ ծխողներ են եղել: Հետազոտության հեղինակները պարզել են նաեւ, որ պասիվ ծխելը ուղղակիորեն կապված է կանանց եւ հիմնականում չծխողների մոտ ռեւմատոիդ արթրիտի զարգացման ռիսկի հետ:

Հետաքրքիր է, որ հիվանդությունն ավելի վաղ է զարգացել այն մասնակիցների մոտ, ովքեր մանկության տարիներին ենթարկվել են ծխախոտի ծխի:

Ըստ գիտնականների, ծխելու կողմնակի հետեւանքները, անկախ այն բանից, թե դրանք ստանում են ակտիվ կամ պասիվ շնչելով, կարող են աուտոիմունային ռեակցիաներ առաջացնել, գոնե ռեւմատոիդ արթրիտի պաթոգենեզում ներգրավված հակագեների նկատմամբ:

news.am