ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հրապարակել է մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերը 2021թ. առաջին կիսամյակում։
Նշվում է, որ արձանագրվել է բացահայտումների զգալի աճ: 2021-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտման 311 դեպք: 231-ով հարուցվել են քրեական գործեր, 80 դեպքով սկսվել է վարչական վարույթ:
Դեպքերը ներառում են 446 կգ հերոինի, 1 կգ α-PVP, 0.4 կգ մարիխուանայի, 0․3 կգ մեթամֆետամինի, 0.3 կգ մեֆեդրոնի, 0․3 կգ հաշիշի, մոտ 60 գրամ կոկաինի, ԼՍԴ տեսակի թմրանյութի պարունակությամբ 100 բլոտերի, հաշիշի յուղի պարունակությամբ Էլեկտրոնային սիգարետի 114 մուշտուկի, մոտ 69 գրամ տետրահիդրոկաննաբինոլ և այդ թմրանյութ պարունակող 46 քաղցրավենիքի, 15․57 գրամ պսիլոցինի, 5․5 գրամ ՄԴՄԱ–ի, մոտ 1 գրամ DMT–ի, ինչպես նաև թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 18019 դեղահաբի և դեղապատիճի բացահայտումներ:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը կանխել է նաև այլ իրավախախտումներ, այդ թվում՝ 69 հազար ԱՄՆ դոլար կանխիկ գումարի չհայտարարագրման, 26 հատ փամփուշտի ապօրինի տեղափոխման դեպքեր և այլն:
Ամենախոշոր դեպքը բացահայտվել է տարեսկզբին,երբ Իրանից ներմուծված բեռի մեջ հայտնաբերվել է 351 կգ ընդհանուր քաշով հերոին: Նշված գործով ձերբակալվել է տարբեր քաղաքացիություն ունեցող 6 անձ:
Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության դեպքեր են բացահայտվել նաև փոստային առաքանիներում: Վարչության աշխատակիցները Հայաստանից Վրաստան արտահանվող միջազգային փոստային առաքանուց հայտնաբերել են 137.85 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոց: Ձերբակալվել է ինչպես առաքանու ուղարկողը, այնպես էլ` ստացողը:
Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանուց էլ վարչության աշխատակիցները բացահայտել են շուրջ 372 գրամ մեֆեդրոն: Թմրամիջոցը թաքցված է եղել առաքված կոսմետիկ միջոցների տարաների մեջ:
Կիսամյակի երկրորդ խոշոր բացահայտումը՝ 95 կգ ընդհանուր քաշով հերոինը, ՊԵԿ աշխատակիցները հայտնաբերել են հայ-իրանական սահմանին, Թուրքիայի քաղաքացու կողմից շահագործվող բեռնատարում։ Նա նախատեսում էր թմրամիջոցները Հայստանից Ուկրաինա տեղափոխել։