Եթե մարդը հաճախ է նայում սմարթֆոնի էկրանին, սովորաբար սկսում է աչքերն ավելի հազվադեպ թարթել, ինչը հանգեցնում է աչքերից պաշտպանական արցունքային թաղանթի մեծ գոլորշիացման: Արդյունքում լորձաթաղանթը չորանում է եւ թիրախ դառնում պոտենցիալ վտանգավոր միկրոօրգանիզմների համար, որոնք առաջացնում են աչքերի բորբոքում: Այս ամենը կարող է հանգեցնել նաեւ տեսողության խնդիրների: Այսպիսի կարծիք է հայտնել ակնաբույժ-վիրաբույժ Նատալյա Բոշան (Ռուսաստան):
«Ապացուցված է, որ մոտ տարածության վրա երկար կենտրոնանալը երեխաների մոտ կարճատեսության զարգացում եւ առաջընթաց է առաջացնում, մինչդեռ մեծահասակների մոտ կարող է ակոմոդացիայի սպազմ առաջանալ՝ երբ հեռուն նայելիս ամեն ինչ պղտորվում է: Սա կարող է ուղեկցվել աշխատունակության նվազումով, գլխապտույտներով եւ գլխացավերով»,- Prime գործակալության հետ զրույցում նշել է Բոշան:
Նաեւ պետք չէ մոռանալ, որ սմարթֆոն օգտագործելիս հաճախ լարվում են պարանոցի եւ օձիքային գոտու մկանները, խախտվում է դրանց արյան մատակարարումը, եւ տեսողական կենտրոնը նույնպես տուժում է: Սա կարող է հանգեցնել տեսադաշտի կտրուկ նեղացման մինչեւ որոշ ժամանակով դրա ամբողջական անհետացումը:
Մասնագետի խոսքով, նման խնդիրների հանդեպ հատկապես խոցելի են մինչեւ 9 տարեկան երեխաները, ուստի խորհուրդ չի տրվում երեխաներին սմարթֆոն տալ:
Ինչ վերաբերում է մեծահասակներին եւ մեծ երեխաներին, նրանց խորհուրդ է տրվում ավելի հաճախ շեղվել սմարթֆոնի էկրանից, իսկ օգտագործման ընթացքում այն աչքերից 40-45 սմ հեռու պահել, ինչը հատկապես կարեւոր է երեխաների եւ դեռահասների համար: