Որոշ սննդամթերքներ կարող են օգնել արյան բարձր ճնշման դեպքում, պնդում է դիետոլոգ Գրեյս Դերաչան (ԱՄՆ):
Ինչպես հաղորդել է Eat This, Not That!-ը, նախաճաշին կարելի է ացտեկների կողմից աճեցվող ամերիկյան հացահատիկի՝ ամարանտի շիլա ուտել: Այն շատ սննդարար է եւ ընկույզի համ ունի:
«Մեկ բաժակ խաշած ամարանտը բավարարում է օրական մագնեզիումի պահանջի 30 տոկոսը», – նշել է Դերաչան: «Հետազոտությունները ցույց են տալիս, որ մագնեզիումը հանգստացնում է արյան անոթները»:
Նրա խոսքով՝ ամարանտի մեջ պարունակվող մանրաթելն օգնում է դանդաղեցնել օրգանիզմում բորբոքային պրոցեսները: Այն դրական է ազդում նաեւ արյան ճնշման վրա:
Մեկ այլ նյութ, որը կարող է իջեցնել արյան ճնշումը, կալիումն է: Դրանով հարուստ են բանանը, ինչպես նաեւ լոբին ու ոսպը, որոնք, բացի դրանից, պարունակում են մագնեզիում: Ըստ դիետոլոգի՝ հատկապես օգտակար է մագոլդը` տերեւային ճակնդեղի տեսակ, որի տերեւները պարունակում են ոչ միայն կալիում եւ մագնեզիում, այլ նաեւ կալցիում, ինչը կանխում է հիպերտոնիայի զարգացումը:
Հարկ է նաեւ նշել, որ արյան բարձր ճնշման դեմ ցանկացած մթերք խորհուրդ է տրվում օգտագործել բժշկի կողմից նշանակված դեղամիջոցների հետ միասին: