Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից.
«Փառահեղ «Տրոյա» ֆիլմում մի երկխոսություն կա, երբ պատերազմ մեկնելուց առաջ Աքիլեսը խոսում է մոր հետ։ Վերջինս նրան ասում է.
-Եթե դու չգնաս, ապա խաղաղ կյանքով կապրես, կամուսնանաս մի երիտասարդ աղջկա հետ, երեխաներ կունենաս, նրանք էլ երեխաներ կունենան և նրանք կսիրեն քեզ, իսկ քո մահանալուց հետո կողբան քո մահը։ Բայց կմահանան նաև քո երեխաները, հետո՝ նրանց երեխաները և քո անունը կմոռացվի։ Եթե դու մեկնես, դու փառքի կհասնես, հազարամյակներով մարդիկ քո սխրանքների մասին լեգենդներ կհյուսեն, քո անունը կմնա դարերի մեջ։ Բայց գնալու դեպքում դու չես վերադառնա, քանզի քո փառքը քայլում է քո մահվան ձեռքը բռնած։ Դու կգնաս առհավետ…
Այստեղ 228 զոհված տղու մանկության լուսանկար կա՝ իրենց անուն, ազգանուններով։ Ես այսքանը կարողացա հավաքել, բայց նրանք հազարավորներն են, սրանից 25-30 անգամ շատ։ Մի օր մենք կիմանանք նրանցից յուրաքանչյուրի անունը ու կհասկանանք, որ ստանձնելով հայ հողի ու Արցախ աշխարհի պաշտպանությունը, այդ հազարավոր տղերքը գնացին գիտակցված մահվան։ Նրանք իրենց անունը հավերժ թողեցին պատմության էջերում և այո, նրանցից յուրաքանչյուրի սխրանքների մասին մի ամբողջ ֆիլմ կարելի է նկարել։
Երեկվա էրեխեքն իրենց կյանքը տվեցին, որպեսզի այսօրվա երեխաները խաղաղ պայմաններում դպրոց գնան, կրթություն ստանան ու կարդան իրենց անհոգ մանկությունն ապահոված տղերքի պատմությունները, հիշեն նրանց անունները, ճանաչեն դեմքով։
Տղերքը գնացին, որ մենք ապրենք։ Բայց մեր ապրելն անիմաստ կլինի, եթե մոռանանք նրանց։ Ապրելով ապրեցրե՛ք նրանց անունն ու փառքը, վա՛ռ պահեք նրանց հիշատակն և երբեք ու երբեք չուրանաք նրանց սխրանքը։
Հավերժ փառք ձեզ, տղերք ջան»