Հոկտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերը գրավել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը։ Շուշի հասնելու նրանց ճանապարհին են եղել Սղնախ, ապա Քարին Տակ գյուղերը: Հոկտեմբերի 28-ի երեկոյան Սղնախն անցել է ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Մինչ գյուղի անկումը, Սղնախում և հարակից տարածքներում մարտեր են ընթացել։
Մարտերը գյուղում
Սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմի առաջին օրերից Ասկերանի շրջանի Սղնախ գյուղի բնակիչները ռազմաճակատի տարբեր հատվածներում են եղել։ Իսկ գյուղում մնացածները զբաղվել են թիկունքային ապահովմամբ։ Հադրութը գրավելուց հետո (հոկտեմբերի առաջին շաբաթ) ադրբեջանական ուժերը ներթափանցել են հարակից անտառներ։ Հադրութից դեպի հյուսիս-արևմուտք նրանց առաջընթացը կասեցնելու նպատակով Ասկերանի շրջանի գյուղերում ձևավորվել են պաշտպանական ջոկատներ։ Սղնախի ջոկատը ղեկավարել է համայնքի ղեկավար Եղիշե Ղահրամանյանը։
Հոկտեմբերի 12-ին գյուղացիներից կազմված խմբերը Սղնախից դեպի Քիրս սարն ընկած հատվածում են տեղակայվել։ Նպատակն այն էր, որ եթե Հադրութից ադրբեջանական ուժերը փորձեն շրջանցել դեպի Շուշի տանող գյուղերը, ապա կանխեն նրանց առաջխաղացումը։ Գյուղացիները տարբեր հերթափոխերով հերթապահություն են իրականացրել այդ հատվածներում մինչև հոկտեմբերի 28-ը։ Այդ ընթացքում ավելի խորքում գտնվող Քարին Տակ գյուղի պաշտպանական խմբերին զգուշացրել են, որ իրենցից առաջ և դեպի Քիրս սարը՝ Սղնախի արոտավայրերը, դիրքեր կան, որտեղ սղնախցիների խմբերն են։ Զգուշացրել են, որ նահանջի դեպքում իրանք իմանան, որ հակառակորդը չէ այդ հատվածում։