Կհիմնանորոգվի Մ6-Սանահինի վանական համալիր ճանապարհը: Այս մասին հայտնում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր« խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը:
«Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ քննարկել ենք Մ6 (Ալավերդու դատարանի առջևից) – Սանահինի վանական համալիր տանող ճանապարհի հիմնանորոգման հարցը։ Փոխվարչապետը տեղեկացրել է, որ 8.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման նախագիծը ներառված կլինի կառավարության 2022 թվականի ծրագրում։
Սա էլ ավելի կմեծացնի տուրիստների հոսքը դեպի ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ հանդիսացող պատմամշակութային հուշարձան։ Այս խնդրի լուծումն առանցքային կարևորություն ունի Ալավերդի համայնքի, մասնավորապես` Սանահին-Սարահարթ թաղամասի, Սանահին գյուղի բնակիչների համար, քանի որ Սանահին-Սարահարթ թաղամասում բնակվում է համայնքի բնակչության շուրջ 40-45 տոկոսը։
Բացի այդ, ճանապարհը Ալավերդի համայնքի ստորին հատվածը Սարահարթին կապող միակ օղակն է, քանի որ ճոպանուղին արդեն մի քանի տարի չի գործում»,- գրել է նա։