Այս լուսանկարում այն ժամանակ համաշխարհային կինոյի ամենահայտնի դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան սիրահարված աչքերով նայում է աշխարհի այն ժամանակվա ամենահայտնի տղամարդուն՝ Յուրի Գագարինին:
Այս մասին «Рожденные в СССР» ֆեյսբուքյան փակ խմբում գրել է օգտատերերից մեկը:
1961 թ. այդ ֆանտաստիկ լուսանկարը տարածվեց ողջ աշխարհով մեկ: Ամենամոտավոր հաշվարկներով՝ այդ ժամանակ լուսանկարն արտատպել էին աշխարհի շուրջ 600 թերթեր ու ամսագրեր:
ԽՍՀՄ մայրաքաղաք Մոսկվայում հուլիսի 9-23-ն ընթանում էր Մոսկվայի միջազգային կինոփառատոնը:
«Ես այդ ժամանակ 22 տարեկան տղա էի, «Նովոստի» տպագրական գործակալության արտահաստիքային թղթակիցը, դեռ սովորում էի Մոսկվայի պետական համալսարանում: Շատ էի սիրում լուսանկարել»,- պատմում է հանրահայտ մոսկովյան լուսանկարիչ Բորիս Կաուֆմանը՝ հավելելով, որ իրենց շատ ուշ են տեղեկացրել այդ հանդիպման մասին:
Ինչևէ, իմանալով՝ Կաուֆմանը սլանում է դեպի Մշակույթի նախարարություն:
«Դահլիճ հնարավոր չէր մտնել, լիքը մարդ, կիպ կանգնած, և ոչ ոք չէր ուզում թույլ տալ լուսանկարչին մտնել ներս ու անցնել առաջ: Մուտքի հենց մոտից երկար սեղան էր բացված, որի հեռավոր ծայրում էլ հենց զրուցում էին Գագարինն ու Ջինա Լոլոբրիջիդան: Հուսահատությունից, որ անհրաժեշտ կադրը չեմ որսա, մտա սեղանի տակ ու չորեքթաթ սկսեցի առաջ սողալ: Սեղանի ծայրին դիպա կանացի ոտքերի ու մտածում եմ՝ ինչ անել: Սփռոցը բարձրացավ, և տեսա, որ զարմացած աչքերն ինձ վրա է հառել ԽՍՀՄ մշակույթի նախարար, հանրահայտ Եկատերինա Ֆուրցևան»,- վերհիշում է լուսանկարիչը:
Նրա խոսքով՝ նախարարը մտնում է իր դրության մեջ, աղմուկ չի բարձրացնում, և արդյունքում միայն ինքն է կարողանում աշխատել այդ շահեկան դիրքից:
«Յուրի Գագարինը, նկատելով, որ նկարում եմ, դադարեց գլուխը շարժելն ու փոքր-ինչ թեքվեց իմ կողմ, իսկ միջոցառման ավարտին հարցրեց՝ գոնե կադրիդ մեջ ընկա՞»,- պատմում է Կաուֆմանն ու հավելում՝ ասացի՝ ընկաք, ընկաք: Տեսարանն իսկապես շատ զվարճալի էր, և Ֆուրցևան ու նրա չինովնիկներն անզուսպ ծիծաղում էին:
Տարիներ անց հայտնի դարձավ, որ այդ միջոցառումը կազմակերպվել էր կինոդերասանուհու նախաձեռնությամբ: Երբ 1961 թ.-ին Լոլոբրիջիդան Մոսկվա է եկել, նրան հարցրել են՝ ո՞ւմ կցանկանա տեսնել, վերջինս էլ Ֆուրցևային խնդրել է իրեն ծանոթացնել Գագարինի հետ:
«Նրա ժպիտին ու չարաճճի հայացքին գուցե փոքր-ինչ, բայց սիրահարված էին մոլորակի բոլոր կանայք: Եվ ես էլ բացառություն չէի: Երբ մենք զբոսնում էինք գիշերային Մոսկվայով, Յուրան ինձ նվիրեց իր լուսանկարը, որի հետներեսին ես գրեցի՝ երկնքում շատ աստղեր եմ տեսել, բայց քո նմանը՝ ոչ»,- հետագայում պատմել է աշխարհահռչակ դերասանուհին՝ հավելելով, որ պահում է լուսանկարն ու երբեմն այն ծածկում համբույրներով:
Հրապարակման պատրաստեց 168.am-ը