Ո՛չ էդպիսի ընկեր եմ հիշում, ո՛չ էդպիսի գործընկեր․ Լյովա Խաչատրյան. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ո՛չ էդպիսի ընկեր եմ հիշում, ո՛չ էդպիսի գործընկեր․ Լյովա Խաչատրյան. hraparak.am

ԱԺ նախկին պատգամավոր Լյովա Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե տեղյա՞կ է, որ Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանին մեղադրանքներ են առաջադրվել, նա ձերբակալվել է։ Հիշեցնենք՝ տարիներ առաջ խոսվում էր, որ Աղվան Գառնիկիչի եւ Լյովա Խաչատրյանի հարաբերություններն այնքան են փչացել, որ, ասում էին, վերջինից Հովսեփյանը վերցրել է բոլոր բիզնեսներն ու սեփականությունը, որոնք այս տարիներին համատեղ էին ստեղծվել,  մասնավորապես դատախազության տարածքում գտնվող սրճարաններից մեկը, իսկ այսօր Աղվան Հովսեփյանը մի շարք մեղադրանքների թվում մեղադրվում է նաև պաշտոնավարման տարիներին ձեռնարկատիրությամբ զբաղվելու, փողերի լվացման ու կաշառքի մեջ։ Մեզ հետ զրույցում, լսելով  «Աղվան Հովսեփյանը ձերբակալվել է» նախադասությունը, Խաչատրյանն արձագանքեց․

«Ես ի՞նչ մեղք ունեմ, որ մեղադրանք է առաջադրվել։ Ես տեղյակ չեմ ընդհանրապես, ոչ էլ ձերբակալելուց եմ տեղյակ։ Որ ասում եք՝ երևի, ես չեմ իմանում, տեղյակ չեմ այդպիսի բաներից, ոչ էլ ինձ այդպիսի բաներ հետաքրքրում են»,- ասաց Խաչատրյանը։

Դիտարկմանը, որ մեղադրանքներից մեկը վերաբերում է պաշտոնավարման ընթացքում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելուն, և մամուլում գրվել է, որ ժամանակին համատեղ սրճարան են ունեցել, Խաչատրյանը պատասխանեց․

«Ժամանակին կատուն ճոն էր, շունն էլ գլխին գդակ չուներ»,- պատասխանեց Խաչատրյանը։ Իսկ սրճարանի վերաբերյալ ի՞նչ կարող է ասել՝ հարցրինք Խաչատրյանին, նա շարունակեց․ «Բայց չգիտես՝ որդիանց որդի․․․, չեմ հիշում, ոչ էդպիսի ընկեր եմ հիշում, ոչ էդպիսի գործընկեր, ոչ բան, ոչ էլ տեղյակ եմ, թե ինչ է կատարվում»,- պատասխանեց Խաչատրյանը։ Ինչպե՞ս, չի՞ կարդացել ՀՔԾ հաղորդագրությունը՝ հարցրինք նախկին պատգամավորին․

«Դե չէ, տեղյակ չեմ, որտե՞ղ պիտի կարդայի, գյուղում թերթ չենք ստանում, որ կարդանք»։

Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի, որ Աղվան Հովսեփյանին մեղադրում են փողերի լվացման մեջ․

«Երբ որ մի բան ինձ չի հետաքրքրում, ես ոչ էլ հետաքրքրվում եմ»,- պատասխանեց Խաչատրյանը։ Փաստորեն, Աղվան Հովսեփյանի հետ կապված իրեն ոչինչ չի՞ հետաքրքրում՝ հարցրինք Խաչատրյանին․

«Բացարձակ, ոչ մի բան ինձ չի հետաքրքրում»։ Բայց չէ՞ որ մտերիմ եք եղել, մի՞թե ոչինչ չեք կարող ասել համագործակցություններից․ «Ոչինչ»։

Խաչատրյանին հարցրինք նաև՝ Աղվան Հովսեփյանի հետ կապված իրավապահներն իրեն չե՞ն դիմել, հարցաքննություններ չե՞ն եղել․ «Իհարկե ոչ, ինձ ինչի՞ պիտի դիմեին, ոչ, ես նման բաներից տեղյակ չեմ»,- պատասխանեց Խաչատրյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ «Հրապարակ օրաթերթ»



Նման նյութեր