Երևանի քաղաքապետարանը մայրաքաղաքային խցանումներից ձերբազատվելու համար շրջանցիկ ճանապարհներ է կառուցում։ Դրանց մի մասն արդեն իսկ պատրաստ է, մյուսը պատրաստ կլինի առաջիկայում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը։
«Այլընտրանքային ճանապարհներից մեկով, օրինակ, Շիրակը պետք է միանա Դավթաշենին` շրջանցելով քաղաքի կենտրոնը, այնտեղից էլ Աշտարակի խճուղին։ Այսինքն` վարորդներն Աշտարակից առանց քաղաքի հարակից փողոցներ մուտք գործելու կարող են միանալ Արտաշատի խճուղուն»,- ասաց նա։
Այլընտրանքային ճանապարհի շինարարական աշխատանքներն այժմ ընթանում են Րաֆֆի-Բաբաջանյան հատվածում։ Գալստյանի խոսքով`երբ այն ավարտին հասցվի, մայրաքաղաքի երթևեկությունը կբեռնաթափվի, խցանումները փոքր-ինչ կթեթևանան։ Ըստ նրա` նմանատիպ քաղաքաշինական այլ ծրագրեր ևս քննարկումների փուլում են։
Երևանում ճանապարհային երթևեկության կազմակերպումը, հսկողությունը և պատժամիջոցների կիրառումը 2009 թվականից սկսած իրականացնում է ՃՈ-ն, հիմա արդեն պարեկային ծառայությունը։ Սա նշանակում է, որ խցանումները բեռնաթափելու գործում քաղաքային իշխանությունների գործառույթները սահմանափակ են։
Քաղաքապետարանի և ՃՈ համագործակցությունը սկսվում է համատեղ քննարկումներով, ավարտվում իրավիճակի վերլուծությամբ։
Դավիթ Գալստյանի խոսքով` Երևանի տրանսպորտի վարչությունը մայրաքաղաքի բանուկ հատվածներում պիկ ժամերին խցանումներից խուսափելու համար առաջարկությունների փաթեթ է ներկայացրել ճանապարհային ոստիկանությանը։
Առաջարկվում է որոշ փողոցներում սահմանափակել 3.5 տոննայից ավելի տարողությամբ բեռնատար մեքենաների երթևեկությունը, ժամային սահմանափակումներ կիրառել առաքիչ-մեքենաների տեղաշարժի համար, նաև ուսումնական հաստատությունների դասապրոցեսի ժամային գրաֆիկը փոփոխել։
«Մեկ այլ առաջարկով էլ նախատեսում ենք, օրինակ, որոշ հաստատություններում ընդմիջման կամ աշխատանքային որոշ ժամերի բաշխվածությունը վերանայել։ Փոքր կենտրոնում համալսարանները, դպրոցները տարանջատել որոշակի` 1 կամ կես ժամ շեղումով։ Ընդմիջման ժամերի դեպքում ևս կարելի է այդպիսի լուծումներ գտնել։ Ժամանակին մենք նման փորձ ունեցել ենք»,- նշեց Գալստյանը։
Նրա խոսքով` այս ամենը դեռևս քննարկման փուլում են։ Առաջարկությունների ընդունել-չընդունելու վերաբերյալ վերջնական որոշումը կկայացնի ճանապարհային ոստիկանությունը։