Հնագետներին ուղղված թուրքական պատվեր. Անկարան ուզում է ջնջել Անիի հայկական պատմությունը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հնագետներին ուղղված թուրքական պատվեր. Անկարան ուզում է ջնջել Անիի հայկական պատմությունը. armeniasputnik.am

Անիում վերսկսել են պեղումները, և վերականգնման նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Թուրքիայի մշակույթի նախարարությունը հայտարարել է հերթական կարևոր միջոցառման մասին, որը կոչված է «պահպանելու թուրք ազգի ժառանգությունը»։ Մի շարք հանգամանքներ թույլ են տալիս ենթադրելու, որ իրականացվող աշխատանքների նպատակներից մեկը հայկական հետքի վերացումն է։

Ինչպես օրեր առաջ հայտնեց «Անադոլու» լրատվական գործակալությունը, Անիում հնագիտական պեղումները մեկնարկել են նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անձնական կարգադրությամբ։ Պեղումներին 12 գիտական և ուսումնական հաստատություններից 35 մասնագետ է մասնակցում։ Նախագիծը ղեկավարում է Կարսում գործող Կովկասյան համալսարանի արվեստի պատմության ֆակուլտետի ղեկավար ՄուհամՄեդ Արսլանը։ Լրագրողների հետ զրույցում նա բավականին ուշագրավ պարզաբանումներ է տվել, որոնք թույլ են տալիս կռահել նրա խմբի առաջ դրված իրական խնդիրները։ Պրոֆեսորը հայտարարել է. «Պեղումներն իրականացվում են սելջուկների ժամանակների շուկայում, նրանց առանձնատներում, սելջուկյան մեծ բաղնիքում, ինչպես նաև գերեզմանատան տարածքում»։ Կարող է տպավորություն ստեղծվել, որ Անին սելջուկյան, այլ ոչ թե հայկական քաղաք էր։ Համենայն դեպս, պարոն Արսլանի առաքելությունը, ինչպես հասկանում եմ, հենց այդ եզրակացության համար հող ստեղծելն է։

Կասկածի տակ չդնելով Անիի բոլոր հուշարձանների պատմական արժեքը` անհնար է չնկատել առաջնահերթությունների ընտրության հարցում թուրքական իշխանությունների սուբյեկտիվությունը։ Թուրքիայի մշակույթի նախարարությունը նախկինում ևս տարբերվել է կասկածելի կողմնակալությամբ` ֆինանսավորելով այնպիսի հուշարձանների ուսումնասիրությունն ու վերականգնումը, որոնք դրա կարիքն ամենաքիչը ունեին։ Մի քանի տարի առաջ Կարսի նախկին նահանգապետ Ահմեդ Կարան լեզվի սայթաքում արեց` ասելով, որ մշակույթի նախարարությունը ծրագրում է վերականգնել Մուրադիե բաղնիքը, քարավանատունը և բերդապարիսպները: Այսինքն` ուշադրության կենտրոնում են հենց այն շենքերն ու շինությունները, որոնց ճարտարապետությունը չի մատնում հեղինակների հայկական ծագումը։ Կարծում եմ` բոլորին հասկանալի է նման ընտրողականության պատճառը։

Այդ առումով հատկանշական է թվում նաև այն, որ 15 տարի առաջ Անիի վերականգնման աշխատանքները թուրքական իշխանությունները սկսեցին Էբուլ Մանուչեր մզկիթից, այն դեպքում, որ այն ավելի լավ վիճակում էր, քան հայկական եկեղեցիները։ Մինչդեռ Անիի տասնյակ տաճարներ, եկեղեցիներ, վանքեր և մատուռներ բառի բուն իմաստով փլուզվում էին աչքի առաջ, վերականգնողները կարգի էին բերում քաղաքի միակ մահմեդական պաշտամունքային կառույցի պատերը, որի ամրությանն ու պահպանությանը ոչինչ չէր սպառնում։ Մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը հիացած էր Մանուչեր մզկիթի ճակատային հատվածը թարմացրած մասնագետների աշխատանքով, բայց նույնիսկ չնկատեց, որ անմիջական հարևանությամբ գտնվող Ամենափրկիչ տաճարի կամարները դարձյալ սկսել են փլուզվել։ Թեպետ գուցե հենց դա էլ ձեռնտու էր նրան։

Թուրքական քարոզչամեքենան հնարավոր ամեն բան անում է հայկական ներկայության հետքերը թաքցնելու և միևնույն ժամանակ հիմնավորելու համար այն լեգենդը, որի համաձայն` Անիի կառուցման հետ կապ ունեն սելջուկները։ Տվյալ գաղափարական պատվերի ակնհայտ օրինակ է վերջերս «Անադոլու» պետական լրատվական գործակալության հրապարակած հոդվածը, որը նվիրված էր Անի քաղաքի պատմությանը։ Ահա մի փոքր հատված. «Անիի տարածքում հայտնաբերվել են XI-XII դարերով թվագրվող իսլամական ճարտարապետության նմուշներ։ Անիում բնակվել են 23 տարբեր քաղաքակրթությունների ներկայացուցիչներ։ Անին եղել է բյուզանդացիների, պարսիկ Սասանյանների, քուրդ Շադդադյանների, վրաց աթաբեկների, թուրք սելջուկների, Կարա-կոյունլու և Ակ-կոյունլու ցեղերի, Օսմանյան և ռուսական կայսրության տիրապետության տակ…»։ Եվ ոչ մի խոսք այն մասին, որ Անին հիմնադրել են Բագրատունիների տոհմի հայ իշխանները և որ եղել է հայկական թագավորության մայրաքաղաքը։ Ոչ մի խոսք այն մասին, որ Բագրատունիների անկումից հետո էլ Անին շարունակել է հայկական քաղաք մնալ։ Ոչ մի խոսք այն մասին, որ քաղաքի պահպանված գրեթե բոլոր ճարտարապետական հուշարձանները (նույնիսկ մահմեդական) կառուցել են հայ ճարտարապետներն ու հայ շինարարները։ Այ այսպիսի «ժողովուրդների բարեկամություն»։

Ամբողջությամբ՝ armeniasputnik.am