Փորձագիտական ընկերությունն ընտրվել է
Advertisement 1000 x 90

Փորձագիտական ընկերությունն ընտրվել է

Կառավարության երեկվա նիստի օրակարգի չզեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության հետ կնքված պայմանագրի առնչությամբ ծագած իրավական վեճերի շրջանակներում փորձագիտական ծառայությունների գնման թույլտվություն տալուն։

Համապատասխան իրավական ակտի ընդունմամբ գործադիրն ակնկալում է, որ համապատասխան փորձագիտական ծառայությունների մատուցման պայմանագիր կկնքվի միջազգային փորձագիտական ընկերության հետ, որը կիրականացնի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» (ծրագիր 1 եւ 2) իրականացման ձգձգումների, շինարարական ծախսերի, ճանապարհի կառուցման տեխնիկական եւ որակական խնդիրների հետազոտման, վերլուծության, փորձագիտական եզրակացության նախապատրաստման աշխատանքներ։ Եվ, այդպիսով, կնպաստի Միջազգային առեւտրային պալատի վարույթում գտնվող արբիտրաժային գործով ՀՀ շահերի արդյունավետ պաշտպանությանը:

Այսպիսով՝ կառավարությունը որոշեց 2012 թ. ապրիլի 27-ին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության եւ «Կորսան-Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջեւ կնքված պայմանագրի մասով ծագած իրավական վեճերի շրջանակներում ՄԱՄԱԻՀ կանոնների ներքո հարուցված արբիտրաժային գործերով ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով թույլատրել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամին, որպեսզի վերջինս «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետազոտման, վերլուծության, փորձագիտական եզրակացության նախապատրաստման ծառայությունների գնման մրցույթում հաղթող ճանաչված «Արկադիս Քոնսալթինգ» ընկերության հետ կնքի փորձագիտական ծառայությունների գնման պայմանագիր՝ 1.175.000 ԱՄՆ դոլար արժողությամբ։

Կառավարության համապատասխան որոշման հիմնավորման համաձայն՝ Միջազգային առեւտրային պալատի վարույթում գտնվող արբիտրաժային գործով ՀՀ շահերը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ է ներգրավել փորձագիտական ընկերություն, որն էլ կիրականացնի «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շինարարական ծախսերի, ճանապարհահատվածների որակի եւ նշյալ փորձագիտական եզրակացությունների նախապատրաստման աշխատանքներ:

Նշված ծառայությունների արդյունքները՝ պահանջի դեպքում, կարող են օգտագործվել նաեւ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքում կատարված չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում: Ծառայությունների գնման գործընթացի արդյունքում ստացվեցին 4 գնառաջարկներ։

Հաշվի առնելով գնման կարգով սահմանված մասնագիտական ընտրության չափորոշիչները եւ, մասնավորապես, այն հանգամանքը, որ առաջադրանքի շրջանակներում ստուգումներն ու փորձարկումներն արվելու են տեխնիկական բնութագրով նախատեսված AASHTO եւ ASTM ստանդարտների պահանջների համաձայն, գնման գործընթացի արդյունքում ընտրվել է ամենացածր գնային առաջարկ ներկայացրած եւ նշված ստանդարտների հիման վրա փորձաքննություն իրականացնող ընկերությունը` «Արկադիս Քոնսալթինգը» (Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում):

Ի դեպ, ՀՀ կառավարության եւ Մեծ Բրիտանիայի ու Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության միջեւ եկամուտների եւ կապիտալի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելը կանխելու մասին կոնվենցիայի իմաստով ընկերությունը համարվում է ոչ ռեզիդենտ, որի «մշտական հաստատությունը» ՀՀ տարածքից դուրս է, եւ որի կողմից փորձագիտական ծառայությունները մատուցվելու են ՀՀ-ից դուրս:

Այսինքն՝ ընկերության հետ կնքվելիք փորձագիտական ծառայությունների մատուցման պայմանագրից ԱԱՀ եւ ոչ ռեզիդենտի շահութահարկ չի առաջանում:

hhpress.am