Սադախլո-Բագրատաշենի տարածքում նոր կամրջի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Սադախլո-Բագրատաշենի տարածքում նոր կամրջի շինարարությունն ակտիվ ընթացքի մեջ է

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում` Դեբեդ գետի վրա, նոր կամրջի շինարարության աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։

«Արդեն ավարտվել են հորատման աշխատանքները, կատարվում է կամրջի հիմքերի ամրանավորում և բետոնացում։ Կամրջի կառուցումն ընթանում է շինարարական փուլի աշխատանքային պլանին համապատասխան»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ կառուցման մեկնարկը տրվել էր այս տարվա գարնանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի Բագրատաշեն-Սադախլո անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է շուրջ 9 մլն եվրո, որից 7,2 մլն եվրոն հանդիսանում է ՎԶԵԲ-ի տրամադրած վարկային միջոց, 1,8 մլն եվրոն՝ երկու երկրների բյուջետային միջոցներ։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը։