B12 վիտամինն անհրաժեշտ է սիրտ-անոթային համակարգի առողջության պահպանման և ուղեղի աշխատանքի համար: Econet.ru-ի հաղորդմամբ՝ այն նպաստում է հեմոգլոբինի արտադրությանը, նյարդային համակարգի առողջության պահպանմանը: Օրգանիզմն այս վիտամինը հիմնականում ստանում է մթերքի օգնությամբ, ընդ որում, մեծամասամբ՝ կենդանական ծագման մթերքից:
Վիտամին B12-ի մակարդակը հիմնականում ցածր է մեծահասակների և բուսակերների շրջանում: Երբ օրգանիզմում վիտամին B12-ի մակարդակը նվազում է, առաջին տուժում են մտավոր ունակությունները: Կարող են նկատվել նաև.
- Անեմիա: Անեմիայի այս տեսակի դեպքում նկատվում են շնչահեղձություն, մկանային թուլություն, սրտխառնոց, գունատություն:
- Դեղին գույն: Վիտամին B12-ի անբավարար մակարդակի դեպքում աչքերը և մաշկը կարող են դեղին գույն ստանալ:
- Հիշողության վատացում: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ վիտամին B12-ի ցածր մակարդակը կարող է բացասաբար ազդել ճանաչողական կարողությունների վրա:
- Հոգնածություն: Մարդիկ, ում օրգանիզմին չի բավարարում այս վիտամինի մակարդակը, հաճախ են հոգնածություն զգում: Նրանք հաճախ գանգատվում են, որ առօրյա աշխատանքը կատարելը դժվար է դարձել: Այս ամենը կարող է ուղեկցվել վերջույթների թմրածությամբ և ծակոցներով:
Վիտամին B12-ի բավարար մակարդակը չափազանց կարևոր է հղի կնոջ և երեխայի առողջության համար:
Ինչու է վիտամին B12-ն այդքան կարևոր: Վիտամին B12-ն օրգանիզմում պատասխանատու է մի շարք գործառույթների համար, այդ թվում.
- Օգնում է պայքարել դեպրեսիայի դեմ: Վիտամին B12-ն անհրաժեշտ է սերոտոնինի արտադրման համար՝ քիմիական նյութ, որը պատասխանատու է տրամադրության կարգավորման համար:
- Նվազեցնում է բնածին արատների զարգացման հավանականությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ վիտամին B12-ի բավարար մակարդակը նույնքան կարևոր է, որքան ֆոլաթթվինը: Այն հարկավոր է պտղի նորմալ զարգացման համար:
- Նպաստում է գլխուղեղի առողջության պահպանմանն ու աշխատանքին: Վիտամին B12-ի բավարար մակարդակն անհրաժեշտ է ուղեղի աշխատանքի համար:
- Օգնում է լավացնել քնի որակն ու բարձրացնել էներգիայի մակարդակը: Այս վիտամինն օգնում է մելատոնինի արտադրությանը՝ հորմոն, որը պատասխանատու է քնի կարգավորման համար:
Հարկավոր չէ ինքնուրույն որոշում կայացնել և հավելումներ ընդունել: Խորհրդակցեք մասնագետի հետ, նախքան որևէ հավելում օգտագործելը: Հաշվի առեք, որ որոշակի դեղամիջոցների ընդունումը կարող է բացասաբար ազդել այս վիտամինի յուրացման վրա:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը