Հայաստանում շաքարավազի շուկայում դարձյալ գնի բարձրացում է նկատվում՝ 1 կիլոգրամը վաճառվում է 420-480 դրամի սահմաններում։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ շարունակում է մշտադիտարկում իրականացնել շաքարավազի շուկայում։
Հանձնաժողովն արձանագրել է խոշոր առևտրային կենտրոններում շաքարավազի մանրածախ գնի բարձրացում շուրջ 20 դրամով։
Շաքարավազի գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ և հարցումներ է իրականացնում։
Հարկ է հավելել նաև, որ շաքարավազի շուկայում արհեստական պակասուրդի որևէ դրսևորում չի արձանագրվել։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանի դիտարկմամբ՝ մոտավորապես 5 տոկոսի թանկացում կա:
«Քիչ-քիչ են գինը բարձրացնում, որ ժողովրդի աչքին չերևա»,- մեզ հետ զրույցում ասաց Կարեն Չիլինգարյանը:
Ինչ վերաբերում է խանութներում շաքարավազի գնային տարբերությանը, Կարեն Չիլինգարյանը հավելեց.
«Նկատեցի, որ չփաթեթավորված շաքարավազի 1 կիլոգրամն արժե մոտ 390 դրամ, իսկ փաթեթավորվածը՝ 480 դրամ: Վաճառողին հարցրեցի, թե ո՞րն է նման տարբերության պատճառը, պատասխանեց, թե՝ փաթեթավորումը: Բայց փաթեթավորման համար այդքան չպետք է գինը բարձրանա: Ընդհանրապես 10-20 դրամի տարբերություն պետք է լինի, ոչ թե 60, 80 կամ 100 դրամ: Շատ կասկածելի է, երևի պետք է տանեն լաբորատորիա, տեսնեն տարբերությունը, թե չէ այսպես դժվար է որոշել:
ՏՄՊՊՀ-ն պետք է զբաղվի գնի բաձրացման հարցով, փորձի հասկանալ՝ չարաշահում կա՞, թե՞ չկա, սակայն այստեղ մի խնդիր կա. ՏՄՊՊՀ-ն հիմնականում զբաղվում է մենաշնորհներով, բայց մեզ մոտ որոշ տնտեսվարողներ խորամանկ ձևով տրոհում են, իբր տարբեր տնտեսվարողներ են, բայց իրականում մեկ հոգու է պատկանում: Սա խնդիր է»:
Անի Կարապետյան