Որքան մարդիկ երջանիկ են, այնքան նրանք պարզ են հագնվում (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Որքան մարդիկ երջանիկ են, այնքան նրանք պարզ են հագնվում

Երկրները, որոնցում յուրաքանչյուր երկրորդ ուսանողուհի ոճի խորհրդանիշի տեսք ունի, տեղակայված են երջանկության համաշխարհային վարկանիշի 4-րդ տասնյակում։

Երջանկության ինդեքսն ու հագնվելու կերպը։

Որքան մարդիկ երջանիկ են, այնքան նրանք պարզ են հագնվում։ Այս անսպասելի եզրահանգմանը մղեց ՄԱԿ-ի ամենամյա հաշվետվությունն աշխարհում երջանկության մակարդակի մասին։

2011թ. սկսած՝ ամեն տարի անցկացվում է համաշխարհային երջանկության հետազոտություն։ Լուրջ գիտնականներ մշակել են տեխնոլոգիաներ և այժմ տարբեր երկրների մարդկանց մոտ չափում են նրանց օբյեկտիվ բարեկեցության մակարդակը, ինչպես նաև նրանց սուբյեկտիվ գնահատականն առ այն, թե որքան լավն է իրենց կյանքը։ Իսկ հետո համեմատում են ցուցանիշները ու կազմում երկրների վարկանիշը՝ ըստ իրենց քաղաքացիների երջանկության մակարդակի։

2017թ. երջանիկ երկրների առաջին տասնյակն այս տեսքն ունի՝

  1. Նորվեգիա
  2. Դանիա
  3. Իսլանդիա
  4. Շվեյցարիա
  5. Ֆինլանդիա
  6. Հոլանդիա
  7. Կանադա
  8. Նոր Զելանդիա
  9. Ավստրալիա
  10. Շվեդիա

Գիտե՞ք, թե ինչն է միավորում այս երկրներին, բացի նրանից, որ նրանք շատ բարձր կենսամակարդակ ունեն, ապշեցուցիչ սոցիալական ստանդարտներ, ու առհասարակ այնտեղ գրեթե կոմունիզմ է՝ բառի լավ իմաստով։

Նորաձև բլոգերի տեսանկյունից այս բոլոր երկրներին միավորում է տեղի բնակիչների՝ չափազանց պարզ, առանց շքեղության տարրերի հագուստի հանդեպ վերաբերմունքը։

Համաշխարհային նորաձևության օրենսդիր երկրները, այն երկրները, որոնց փողոցներում լուսանկարիչները մեկը մյուսի հետևից կատարյալ նորաձև կերպարներ են որսում, որոնցում յուրաքանչյուր երկրորդ ուսանողուհին ոճի խորհրդանիշ է, տեղակայված են երջանկության համաշխարհային վարկանշային աղյուսակի 4-րդ տասնյակում։

Այսպես, Ֆրանսիան այդ վարկանիշում զբաղեցնում է 32-րդ հորիզոնականը, Իսպանիան՝ 37-ը։ Իտալիան, ուր ցանկացած սեռի յուրաքանչյուր երեխա ծնված օրվանից գիտի՝ ինչ է նորաձևությունը, ընդհանրապես 50-րդ տեղում է։

Իսկ ի՞նչ է կատարվում երջանիկ երկրներում։

Այնտեղ ոչ ոք չի տառապում այն մտքից, թե ինչ հագնի, ինչպես հագնի, որ չկրկնվի հագուստը, ի՞նչն է նորաձև, ի՞նչը՝ ոչ։ Սրա մասին են խոսում VOGUE ամսագրի վերջին ուսումնասիրությունները։ Նրանք հագնում են այն, ինչը հարմարավետ է, և առանձնապես չեն մտահոգվում՝ դա ոճայի՞ն է թե՞ ոչ։ Ջինսեր, բլուզներ, կեդեր, բոթասներ և այլ հարմարավետ հագուստ։ Դանիայում կամ Հոլանդիայում, ենթադրենք, առջևիցդ ինչ-որ զույգ է գնում, ու միանգամից չես հասկանում՝ ո՞վ է նրանցից տղան, ու ո՞վ՝ աղջիկը, այնքան միանման են նրանք հագնված։

Որոշ տղամարդիկ, տեսնելով, թե ինչպես են հագնվում կանայք, ասենք, Շվեդիայում, կարող են դժգոհ լինել ու ասել, թե մի՞թե կինն այսպես պետք է հագնվի, ու նայելու բան չկա։ Բայց այստեղ պարադոքսն այն է, որ հետազոտությունների համաձայն՝ Շվեդիան շատ երջանիկ երկիր է։ Ուրեմն այստեղ կանայք իրենց դժբախտ չեն զգում իրենց հագուստի ու այն պատճառով, որ աշխատանքի գնալիս 10 սանտիմետրանոց կրունկներով կոշիկներ չեն հագնում, մազերն ու դեմքն էլ կատարյալ հարդարված չեն։ Ավելին, այս երկրների տղամարդիկ նույնպես իրենց դժբախտ չեն զգում այն պատճառով, որ իրենց կանայք ոճի խորհրդանիշների նման չեն հագնվում։

Միգուցե երջանկության համար բոլորովին պարտադիր չէ հետևել նորաձևության միտումներին ու թրենդներին ու հանգամանալից կերպով ընտրել կազմվածքին համապատասխան կիսաշրջազգեստի ձևեր։

Միգուցե կարելի՞ է երջանիկ լինել պարզ հագուստի մեջ։

Միգուցե, երբ մարդը իրեն երջանիկ է զգում, պաշտպանված ու հանգիստ, երբ նրան պետք չէ ամեն օր ինչ-որ բան ինչ-որ մեկի ապացուցել, ցուցադրել հաճախ երևակայական կարգավիճակը, ապա այդպիսի մարդուն՝ ջինսերով ու պարզ հագուստ հագած, շատ ավելի հարմա՞ր է վայելել կյանքը։

Իսրայելում նույնպես կանայք ազատ ու պարզ են հագնվում։ Չեք հավատա, բայց երջանկության համաշխարհային վարկանշային աղյուսակում Իսրայելը գտնվում է 11-րդ տեղում։ Անմիջապես առաջին տասնյակից հետո։

Հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը