Պատերազմից հետո, մասնավորապես, Սյունիքի մարզում թշնամու հետ ձեւավորված նոր շփման գիծը, որի հետեւանքով վերջինիս վերահսկողության տակ անցան մինչ այդ ՀՀ Սյունիքի մարզի բնակավայրերի որոշ տարածքներ (ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հաստատված իբրեւ ՀՀ տարածք), վարչապետ Նիկոլ Փաշինյանին դրդեց շրջանառության մեջ դնել մանիպուլյատիվ եւ նույնիսկ կեղծ թեզ, թե Ադրբեջանի հետ ՀՀ սահմանների նկարագրությունը տրվել է դեռեւս 2010 թ. ընդունված «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով:
Օրենքն ընդունվել է ոչ թե 2010-ին, այլ 1995-ին
Սկսենք նրանից, որ երկրի գործադիր ղեկավարը նույն սխալը կրկնում է պարբերաբար, բայց դժվար է ասել՝ դա չիմացությունի՞ց է, թե՞ արվում է միտումնավոր: Խոսքն այն մասին է, որ «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը ընդունվել է ոչ թե 2010 թ. («նախկինների»՝ Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում), այլ դեռես 1995 թ. նոյեմբերի 7-ին (Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք), իսկ ուժի մեջ մտել է 1995-ի դեկտեմբերի 15-ին: Իսկ ահա 2010-ի հունիսի 24-ին օրենքում արվել են լրացումներ եւ փոփոխություններ (Սյունիքում Փաշինյանն այս մասին խոսելիս նշեց 2010 թ. մայիսի 24, ինչը նրա լրատվական թիմը սղագրության մեջ չի ուղղել):
Գուցե սա էական սխալ չէ, քանի որ ներկա իշխանությունը թիրախավորում է հենց 2010-ին արված լրացումները, սակայն փաստն այն է, որ հասարակությանը մատուցվում է ինֆորմացիա, թե 2010-ին ՀՀԿ-ի ու նրա կոալիցիոն գործընկերների վերահսկողության տակ գտնվող ԱԺ-ն ընդունել է մի այնպիսի օրենք, որով, ինչպես Փաշինյանն է ասում, «այդ սահմանները (մասնավորապես՝ Ադրբեջանի հետ – հեղ.) Հայաստանի Հանրապետությունն ինքը որոշել է եւ տեղորոշել է»:
Իրականությունն այն է, որ ՀՀ-ն 2010-ին Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշել կամ տեղորոշել:
Այս օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ
Վերը նշված օրենքը, ինչպես հուշում է դրա անունը, Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ այն ամրագրում կամ նկարագրում է ոչ թե ՀՀ-ի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների/մարզերի միջեւ: Պետական սահմանի վերաբերյալ գործում է «Պետական սահմանի մասին» օրենքը, որն ընդունվել է 2001-ի նոյեմբերին եւ ուժի մեջ է 2001-ի դեկտեմբերից:
Այս օրենքում ասվում է. «Պետական սահմանը որոշվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով… Պետական սահմանի տեղորոշումն ու փոփոխումը կատարվում է ՀՀ միջազգային պայմանագրերով եւ ՀՀ օրենքով: ՀՀ միջազգային պայմանագրերի հիման վրա, պետական սահմանի ստուգման արդյունքում, պետական սահմանի փոփոխում պարունակող, պետական սահմանը տեղորոշող փաստաթղթերը գործողության մեջ են դրվում ՀՀ օրենսդրությանը համապատասխան»:
«Ադրբեջանի Հանրապետություն»՝ «Արցախի Հանրապետության» փոխարեն. ինչու՞, եւ ի՞նչ կփոխեր դա ՀՀ–ի համար
Ներկա իշխանությունը շեշտադրում է այն փաստը, որ 2010-ին նախորդ իշխանությունները լրացումներ են արել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում եւ Սոթքից (Գեղարքունիք) մինչեւ Արաքս գետ (Սյունիք) ընկած հատվածում սահմանակից համայնքների վարչատարածքային սահմանները ներկայացնելիս նշել են, օրինակ, «Շուռնուխ-պետական սահման (Ադրբեջանի Հանրապետություն) սահմանագիծ՝ «Ա»-«Բ»»: Իսկ այս սահմանագծի նկարագրությունը տրվել է այսպես՝ ««Ա»-«Բ» հատվածով սահմանագիծը համընկնում է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի հետ»:
Փաշինյանի քննադատության առարկան ի հայտ է եկել դեռ 2000-ականներին
Վարչապետը չի ասում (գուցե տեղյակ չէ), բայց իրականությունն այն է, որ Գեղարքունիքից, Վայոց Ձորից ու Սյունիքից արեւելք ընկած տարածքները «Ադրբեջանի Հանրապետություն» են համարվել դեռ մինչեւ 2009-2010 թթ. վերոնշյալ օրենքում լրացումներ կատարելը: Եվ դա արել է ՀՀ կառավարությունը: Ինչպե՞ս: Ահա այսպես:
2004-ի դեկտեմբերին (Ռոբերտ Քոչարյանի օրոք) ԱԺ-ն լրացում է կատարել «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում՝ նշելով, որ «մարզերի, Երեւան քաղաքի, համայնքների սահմանների նկարագրումը եւ սահմանների նկարագրության փոփոխությունները սահմանված կարգով հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը» (հետագայում այս կետը փոփոխվել է, ու ամրագրվել է, որ սահմանների նկարագրումն ու փոփոխությունը կառավարության առաջարկով սահմանվում են օրենքով, այսինքն՝ ԱԺ-ն է հաստատում): Դրանից հետո կառավարությունն սկսել է ընդունել որոշումներ, որոնցում նկարագրվել են համայնքների սահմանները, այդ թվում՝ նրանց, որոնք սահմանակից էին Արցախի Շահումյանի եւ Քաշաթաղի շրջաններին:
Ամբողջությամբ՝ hetq.am