Երեւան է ժամանել «Ջան Ազերբայջան» երգի կատարողներից Ֆիլիպ Կիրկորովը. hraparak.am (տեսանյութ)(լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Երեւան է ժամանել «Ջան Ազերբայջան» երգի կատարողներից Ֆիլիպ Կիրկորովը. hraparak.am

Արդեն հայտնի է, որ Երեւան է ժամանել ռուս փոփ աստղ Ֆիլիպ Կիրկորովը։ Երեւանում նրան դիմավորել է «Նոր ալիքի» հաղթող Սարո Գեւորգյանը։ Ֆիլիպ Կիրկորովին կարծես թե բոլորը ճանաչում են որպես Ռուսաստանի ժողովրդական արտիստ, փոփ երգիչ, ով ինքն իրեն համարում է «փոփ արքա» ․․․ Սակայն, հայ հասարակությանը նա նաեւ այլ կողմերով է հայտնի, որոնք գոնե հայկական միջավայրի համար, նրա օգտին չեն խոսում։

Ինչպես գիտենք, նա Թուրքիայից գաղթած, ցեղասպանություն վերապրած բուլղարահայ օպերային երգիչ Բեդրոս Կիրկորովի որդին է, ով նախապես կրել է Կրիկորյան /Գրիգորյան/ ազգանունը, որը հետագայում դարձրել է Կիրկորով, բուլղարական միջավայրում ավելի ընկալելի լինելու համար։ Կիրկորովի մայրը հրեուհի է։ Ու եթե Բեդրոս Կիրկորովը կարծես թե երբեք չի հերքել իր հայկական ծագումը, ապա Ֆիլիպ Կիրկորովը հերքել է, որ հայ է։

Մասնավորապես, Ռուսաստանի հայերի միության ժամանակին փոխնախագահ Գերման Անանյանցի հետ զրույցում, որը մեջբերվել է ռուսական «Экспресс газета»-ում, նա ի պատասխան Գերման Անանյանցի հարցին, թե ինչու է թաքցնում իր ծագումը, չէ որ բազմաթիվ հայկական ծագումով տաղանդավոր մարդիկ կան, նա ասել է․ «Ես չեմ կարող ինձ հայ համարել, քանի որ մշտապես ասել եմ, որ բուլղարացի եմ, հիմա ինչ կասեն մարդիկ»։ Այս հայտարարությունը ադրբեջանական մամուլը ընդունեց ակնհայտ հրճվանքով եւ տիրաժավորեց անասելի ծավալներով, դարձնելով նրան ռուսական «աստղերից» ամենաճանաչելին ադրբեջանական միջավայրում։

Ի դեպ, բուլղարական միջավայրում նույնիսկ ժամանակին անեկդոտ է եղել, որ Ֆիլիպ Կիրկորովը միակն է, ում հայրը հայ է, մայրը հրեուհի, իսկ ինքը՝ բուլղարացի։ Այլ հարցազրույցներում էլ նա հերքել է իր հայկական ծագումը՝ դա համարելով ոչ էական հարց։

Արդեն 2020 թվականի Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում լուրեր տարածվեցին, թե Բեդրոս Կիրկորովը օգնություն է ցուցաբերել հայկական կողմին։ Քանի որ Կիրկորովը ռուսական, այսպես կոչված, աստղային միջավայրում հայտնի է որպես ամենից ադրբեջանամետը, ում մտերմուհին ոչ այլ ոք է, քան ինքն իրեն ադրբեջանական փոփ-դիվա հայտարարած Այգյուն Քյազիմովան, ում հետ նա կատարել է ադրբեջանական հայտնի «Ջան Ազերբայջան» երգը, այդ լուրը աղմուկ է բարձրացնում ադրբեջանական հասարակությունում։ Այգյուն Քյազիմովան կապ է հաստատում Ֆիլիպ Կիրկորովի հետ, ով հերքում է այդ լուրերը, դրանք համարելով ցնդաբանություն եւ «ֆեյք նյուզ»։

Ի դեպ, նշենք, որ այն բանի համար, որ Վլադիմիր Պոզները հայտարարել էր, թե Աբխազիան երբեք չի վերադառնա Վրաստանի կազմ, Պոզներին իր իսկ ծննդյան տարեդարձի օրը, որը նա ցանկանում էր նշել Թբիլիսիում, վրացիները բառացիորեն վռնդեցին Վրաստանից մեծ աղմուկով եւ խայտառակությամբ, որովհետեւ համարեցին, որ Վրաստան պետության դեմ արտահայտված անձի ներկայությունը Թբիլիսիում վիրավորում է իրենց ազգային արժանապատվությունը։

Կարեն Ենգիբարյան

hraparak.am