Խրթին նիկոտինը. Ինչու՞ նիկոտինի մի կաթիլը ձի չի սպանում
Advertisement 1000 x 90

Խրթին նիկոտինը. Ինչու՞ նիկոտինի մի կաթիլը ձի չի սպանում

Ի՞նչ է տեղի ունենում, երբ մարդկային օրգանիզմ է ներթափանցում նիկոտինը, արդյո՞ք նիկոտինն ունի որևէ օգտակար հատկություն․ այս հարցերին պատասխանելն այնքան էլ հեշտ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Մաքուր նիկոտինի օգուտն ու վնասը սիգարետի կոնտեքստից դուրս բավարար քանակությամբ ուսումնասիրված չեն։ Փորձենք հասկանալ այն, ինչ արդեն կա գիտության մեջ։

Ինչպե՞ս կարող է նիկոտինն օգտակար լինել առողջության համար

Նիկոտինը բնության մեջ

Բոլոր մարդիկ օգտագործում են նիկոտին։ Սա ալկալոիդ է ( բնական ծագում ունեցող օրգանական միացությունների ներկայացուցիչ), որը ներկա է մորմազգիների ընտանիքին պատկանող բույսերի՝ լոլիկի, կարտոֆիլի, սմբուկի, քաղցր պղպեղի մեջ։ Միակ տարբերությունը չափաբաժինն է, որը վերը նշված բույսերում ավելի քիչ է։ Օրինակ՝ թարմ լոլիկի մեկ կիլոգրամը պարունակում է 2,7–9,1 մգ նիկոտին։ Չոր ծխախոտի մեջ նիկոտինի կենտրոնացումը շատ ավելի բարձր է, ժամանակակից տեսակներում այն կարող է կազմել տերևների չոր մասսայի 1,5–2,2%։

Բնության մեջ գոյություն ունեն բնական ալկալոիդների հազարավոր տեսակներ, որոնք ծառայում են որպես բույսերի սերմերով սնվող միջատների դեմ պաշտպանություն։ Յենում գտնվող Մաքս Պլանկի անվան քիմիական էկոլոգիայի ինստիտուտի գիտնականների խումբը Անկե Ստեպունի գլխավորությամբ 2004թ․-ին հրապարակել է «Բնության մեջ նիկոտինի պաշտպանական դերը» հոդվածը։ Գիտնականներն անցկացրել են դաշտային փորձ՝ ապացուցելով, որ եթե ծխախոտաբույսերում բացառել նիկոտինի սինթեզը, դրանք վնասատուների համար ավելի գրավիչ են դառնում։ Փորձի ընթացքւմ պարզ դարձավ, որ ծխախոտի գենետիկորեն մոդիֆիկցված բույսերը շատ ավելի հաճախ են ենթարկվում մորեխների և փոքրիկ բծավոր ցեցի հարձակումներին։ Միաժամանակ, գենետրկորեն մոդիֆիկացված բույսերը կորցնում են երեք անգամ ավելի շատ տերևներ, քան նրանք, որ վնսատուներից պաշտպանվում են նիկոտինի միջոցով։

Հենց այս պատճառով նիկոտինն անցյալում օգտագործվել է գյուղատնտեսության մեջ որպես միջատասպան, իսկ ներկայումս նույն նպատակի համար օգտագործվում են դրա սինթետիկ նմանակները՝ նեոնիկոտինոիդները։ 2018թ․-ին Լոնդոնի Կայսերական Քոլեջի գիտնականները Անդրես Արսեի ղեկավարությամբ հրապարակեցին մի հոդված, որտեղ ասվում էր, որ իշամեղուները կարող են կախվածություն ձեռք բերել նեոնիկոտինոիդներից՝ նման ծխող մարդկանց։ Միջատներին տրվել է միջատասպանով ներծծված սախառոզայի խառնուրդ։ Նեոնիկոտինոիդի բարձ չափաբաժինը վաղեցնում էր նրանց, իսկ փոքր չափաբաժնով՝ հակառակը, դուր էր գալիս։ Դրանք նույնիսկ նախընտրում էին այն՝ հասարակ քաղցր ջրի փոխարեն։

Նիկոտինը մարդկային օրգանիզմում

Ֆիզիոլոգիայի տեսանկյունից մարդկանց վրա նիկոտինն ազդում է այնպես, ինչպես միջատների վրա։ Այն նմանակում է նեյրոմեդիատորի ազդեցությունը՝ նեյրոնների վրա ակտիվացնելով համապատասխան ընկալիչներ։ Ացետիլխոլինը պարասիմպաթիկ նյարդային համակարգի հիմնական նյարդային հաղորդիչն է։ Այն ապահովում է կմախքային մակնների կծկումը, դանդաղեցնում է սրտի ռիթմն ու իջեցնում է զարկերակային ճնշումը։ Այն միաժամանակ ազդում է ուղեղի աշխատանքի վրա՝ կարևոր դեր խաղալով այնպիսի գործընթացների վրա, ինչպիսիք են ուշադրությունն ու կրթությունը։ Դրա ընկալիչների տարբեր ենթատեսակներ տեղակայված են ինչպես գրգռիչ, այնպես էլ արգելակող նեյրոնների վրա՝ ուղեղի տարբեր մասերում։ Այդ պատճառով էլ ացետիլխոլինի ազդեցությունը կարող է բերել ինչպես գրգռված նյարդային շղթաների ճնշմանն, այնպես էլ ճնշվածների ակտիվացմանը։ Այդ պատճառով էլ, կախված մարդու վիճակից, նիկոտինը կարող է ծխողի վրա ազդել և՛ որպես ստիմուլյատոր, և՛ որպես հանգստացնող։

Ացետիլխոլինն ակտիվացնող նեյրոնների մեջ կան նաև դոպամիներգիկներ, որոնք աշխատում են պարգևատրման համակարգում և մարմնին տալիս են հոգեբանական պարգև ՝ հաճելի զգացողությունների տեսքով: Նիկոտինի միջոցով այս նեյրոնների չափազանց ակտիվացումը հանգեցնում է կախվածության զարգացման:

Կախվածությունը բացասական երևույթ է։ Բայց կան նիկոտինից կախվածության մեխանիզմի հետ կապված որոշ արդյունքներ, որոնք ունեն հետագա ուսումնասիրության ներուժ, օրինակ ՝ նիկոտինի՝ ախորժակը ճնշող հատկությունները: Ծխողների մարմնի զանգվածի միջին ինդեքսն ավելի ցածր է, քան չծխողների մոտ: Դա ապացուցվել է Հելսինկիի համալսարանում կատարված հետազոտությամբ:

Ախորժակի ճնշումն, ըստ երևույթին, հիմնված է նիկոտինի կողմից ընկալիչների որոշակի ենթատեսակի ակտիվացման վրա (որը պարունակում է β4 ենթամիավորը)՝ հիպոթալամուսի քաղցի վերահսկման կենտրոնում գտնվող պրոպիոմելանոկորտին նեյրոնների վրա (POMC նեյրոններ): POMC նեյրոնները արտադրում են անորեքսիխենիկ նեյրոպեպտիդներ՝ ախորժակը ճնշող միջոցներ:

2018 թվականին Միչիգանի համալսարանի մի խումբ հետազոտողներ հոդված հրապարակեցին Nature Medicine ամսագրում, որը ցույց տվեց, որ նիկոտինային կախվածության համար պատասխանատու սպիտակուցներն ազդում են այսպես կոչված կաթնագույն ճարպի վրա: Ի տարբերություն սպիտակ ճարպային բջիջների, կաթնագույն ճարպային բջիջներն ավելի շատ այրում են կալորիաներ, քան կուտակում։ Ացետիլխոլինը կամ նիկոտինը ակտիվացնում են այս գործընթացը: Նիկոտինի և կաթնագույն ճարպի միջև հայտնաբերված կապը կարող է նպաստել ճարպակալման դեմ պայքարի նոր մեթոդների մշակմանը:

Բարրոու նյարդաբանական ինստիտուտի հետազոտողները 2009 թվականին «Նիկոտինը և նյարդային համակարգի բորբոքային հիվանդությունները» հոդվածում մատնանշել են նիկոտինի բուժական ներուժը ՝ որպես նյարդապաշտպան (դեղամիջոց, որը նորմալացնում է նյութափոխանակությունը գլխուղեղում) և հակաբորբոքային միջոց:

Ճապոնիայի Վակայամա բժշկական համալսարանի գիտնականները ցույց են տվել, որ նիկոտինը կապված է էնդոգեն ափիոնային համակարգի հետ: Նրա շարունակական օգտագործումը մեծացնում է էնդորֆինների և էնկեֆալինների աարտզատումը ողնուղեղում, ինչը նիկոտինին տալիս է ցավազրկողի հատկություններ: Սիրակուզայի համալսարանում Ջոզեֆ Դիտերի գլխավորած թիմի մետավերլուծությունը հաստատեց այս եզրակացությունը: Նիկոտինը ցավազրկող է, իսկ ցավազրկող ազդեցությունը տղամարդկանց մոտ ավելի ցայտուն է արտահայտվում:

Արյան մեջ ներթափանցելուց հետո նիկոտինը բավականին արագ քայքայվում է լյարդում ՝ առաջացնելով մի քանի մետաբոլիտներ, որոնցից հիմնականը կոտինինն է: Կոտինինը կապում է նաև ացետիլխոլին ընկալիչների հետ, չնայած ավելի թույլ, քան նիկոտինը: Գիտական ​​ուսումնասիրությունները ցույց են տվել կոտինինի նոոտրոպ և հակասեպտիկ ազդեցությունները: Ջորջիա նահանգի Բժշկական քոլեջի Ալցհեյմերի հիվանդության հետազոտական ​​կենտրոնի ներկայացուցիչներ Ջերի Բուֆասկոն և Էլվին Թերին ցույց են տվել կապիկների մոտ կոտինինի հոգեմետ և նոոտրոպ ազդեցությունները: Նրանք առաջարկեցին կոտինինի այս հատկությունները օգտագործել նոր հակադեպրեսանտներ ստեղծելու համար: Բայց նման դեղամիջոց այդպես էլ շուկայում չհայտնվեց:

Ինչպես և նիկոտինի մյուս բոլոր մետաբոլիտները, կոտինինը ներկա է ծխախոտի բույսի մեջ։ Այս մասին նշված է 2020թ․ սեպտեմբերին «Կուբա» գիտնականների կողմից հրապարակված հոդվածում։

Նրանք վերլուծել են ալկալոիդների բաղադրությունը բարձր արդյունավետության հեղուկ քրոմատոգարֆիայի մեթոդի միջոցով՝ այն համատեղելով զանգվածային սպեկտրոմետրիայի հետ՝  Նիկոտիանայի 58 տեսակների և երկու ենթատեսակների, այդ թվում ՝ Nicotiana rustica-ի (որը նաև կոչվում է ացտեկական ծխախոտ, քանի որ հնդիկներն այն օգտագործում էին ծիսական նպատակների համար): Բացի այդ, առաջին անգամ կատարվեց այդ բույսերի համար ալկալոիդների սինթեզի գեների արտահայտման լայնածավալ վերլուծություն: Բացի նիկոտինից, համեմատաբար թունավոր նոռնիկոտինը, անաբասինը և անատաբինը ճանաչվեցին որպես ծխախոտի հիմնական ալկալոիդներ, իսկ կոտինինը հայտնաբերվեց Նիկոտիանայի ընդամենը երեք տեսակների մեջ:

Այսպիսով, կարո՞ղ են հայտնվել նիկոտինի կամ կոտինինի վրա հիմնված դեղամիջոցներ ՝ ցավազրկողներ, նյարդապաշտպաններ, ճարպակալման դեմ դեղեր, հակադեպրեսանտներ: Թերևս, բայց ոչ մոտ ապագայում: Խնդիրն այն է, որ նիկոտինի ազդեցությունը յուրաքանչյուր մարդու վրա անհատական ​​է:

Նիկոտինի քայքայման և կոտինինի վերածվելու արագությունը կախված է գենետիկ գործոններից, ինչպես նաև սննդակարգից, տարիքից, սեռից, դեղամիջոցների ընդունումից, հղիությունից կամ երիկամների հիվանդությունից, նրանից, թե որքան է մարդը ծխում:

Բայց արդեն հիմա նիկոտինը կարող է օգնել ծխողներին։

Նիկոտինը՝ ծխելու դեմ

Սիգարետը պարունակում է ոչ միայն նիկոտին։ Հայտնի է, որ ծխելը զգալիորեն բարձրացնում է շատ հիվանդությունների առաջացման ռիսկը՝ ներառյալ՝ քաղցկեղային հիվանդությունները (առաջին հերթին՝ թոքերի քաղցկեղը) և սիրտ-անոթային հիվանդությունները։ Այնուամենայնիվ, առողջությանն ամենամեծ վնասը հացնում են ծխախոտի այրման տարրերը։ Այդ պատճառով էլ, այն երկրներում, որտեղ առողջապահական մարմիններն ու կարգավորող մարմինները հետևում են վնասի նվազեցման կոնցեպտին, քայլեր են ձեռնարկվում, որպեսզի ծխողները ծխախոտից անցում կատարեն նիկոտին պարունակող անծուխ արտադրատեսակների։

Ինչ վերաբերում է մաքուր նիկոտինին, գիտական ոլորտում դեռևս չկա դրա անվտանգության մասին ամբողջովին հիմնավորված կարծիք։ Օրինակ, 2009 թ. Մանիտոբայի համալսարանից Ռոբերտ Մարեյի գլխավորած թոքաբանների խմբի կողմից կատարված ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նիկոտինային սպեղանու հիման վրա նիկոտին փոխարինող թերապիան կապված չէ թոքերի քաղցկեղի զարգացման հետ:

Նորվեգացի ուռուցքաբաններ Տորե Սանների ու Թոմ Գրիմսրուդի իրականացրած աշխատանքի արդյունքները հիմք տվեցին ենթադրել, որ մաքուր նիկոտինը կարող է նպաստել քաղցկեղային ուռուծքների զարգացմանը՝ որոշակի ազդեցությունների հետևանքով, ինչպիսիք են բջիջների բաժանման գործընթացի արագացումն ու անոթների աճը։

Այնուամենայնիվ, լաբորատոր կենդանիների մասնակցությամբ փորձերի արդյունքները, որոնց տարբեր եղանակներով նիկոտին են ներարկել, հակասական են: Նիկոտինի բարձր չափաբաժինների ընդունումը մկների վրա հանգեցրեց կենդանիների մեծ մասի մոտ ուռուցքների զարգացմանը: Արդյունքը նույնը չէր ծովախոզուկների դեպքում, որոնց ցմահ նիկոտինի ցածր չափաբաժիններ են ներարկվել:

Wake Forest Baptist բժշկական կենտրոնի ուռուցքաբանների վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նիկոտինը վտանգավոր է նրանց համար, ովքեր արդեն քաղցկեղ ունեն: Թեև նիկոտինը ինքնին քաղցկեղածին չէ, այն վերակազմավորում է ուղեղի իմունային բջիջները ՝ կանխելով նրանց արդյունավետ պայքարy քաղցկեղի  չարորակ նորագոյացությունների դեմ:

Ինչ վերաբերում է սրտանոթային հիվանդություններին, նիկոտինի օգտագործմամբ հիվանդությունների զարգացման ռիսկի վերաբերյալ գիտական ​​կոնսենսուս չկա: 2019-ի հունիսին մի խումբ ամերիկացի գիտնականներ հրապարակեցին մի հոդված, որում նշվում էր, որ էլեկտրոնային ծխախոտը ոչնչով չի տարբերվում սովորական ծխախոտից: Վիճահարույց հոդվածը հեռացվել է ութ ամիս անց ` նմուշառման սխալներ հայտնաբերելուց հետո:

Վերոնշյալ տվյալների հիման վրա կարելի է եզրակացնել, որ նիկոտինը անվնաս չէ և ներուժ ունի օգտագործման տարբեր թերապևտիկ ոլորտներում, սակայն դրա անվտանգությունն ու կիրառությունն ավելի ճշգրիտ գնահատելու համար անհրաժեշտ են նոր ուսումնասիրություններ:

news.am