Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև ու Տեղ համայնքներում հոկտեմբերի 17-ին ընտրություններ կանցկացվեն, ընդ որում` առաջին անգամ համամասնական ընտրակարգով: Արդեն մի քանի անգամ անդրադարձել ենք նույն մարզի Տեղ համայնքի սկանդալային առաջիկա ընտրությանը, որտեղ իշխանությունը «ճամփա է բացում» մարզպետի քրոջ իշխանական որդու համար։
Այս անգամ մենք զրուցել ենք Տաթեւ համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Արթուր Մաթեւոսյանի հետ, որը համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարն է։ Նա «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ մայիսի 12-ից պաշտոնակատար է, ընտրություններում իր շանսերը չի ցանկանում գնահատել։
-Դուք ՔՊ-ի անդա՞մ եք։
-Դա Ձեզ հետաքրքո՞ւմ է։
-Այո։
-Ես Ձեր հարցերին չեմ կարող պատասխանել։
-Ինչո՞ւ եք խուսափում։
-Ես չեմ խուսափում, ես վաղուց անդամ եմ, պաշտպանում եմ այս կուսակցության շահերը, որ երկրում մի բան փոխվի, կարողանանք մի բան փոխել, եւ ազատվենք, ոչ ասենք թալանին։
– «Երկրում մի բան փոխել» ասելով նկատի ունե՞ք այն, որ թշնամին Սյունիքի սահմաններում է նստում։
-Մենք չունենք թշնամի Սյունիքի սահմաններում։
-Ինչպե՞ս չունենք, Կապանում թշնամի չկա՞ սահմանին։
-Էդ ո՞վ է ասել, որ թշնամի են, եսիմ ով են, ինչի՞ եք ժողովրդին մեկը մյուսի դեմ լարում։
-Շուռնուխում ադրբեջանցի է նստած սահմանին, մեզ թշնամի չէ՞։
-Շուռնուխում ադրբեջանցի է նստած իրենց սահմանի վրա, իրենց հողում։ Ես 4 տարի սովորել եմ Կապանում, 4 տարի գնացել-եկել եմ Կապան,թուրքերին ես տեսել եմ Շուռնուխի այդ հատվածում։
-Նորմա՞լ է։
-Դե, երեսուն տարի սովոր չէինք դրան, ցավոք սրտի, ունենք այն, ինչ ունենք։
-Եւ պիտի սովորե՞նք։
-Բա ի՞նչ պիտի անենք, ասեք՝ անենք, ատոմային ռումբ գցե՞նք։
-Եթե ես լինեի վարչապետ, կպատասխանեի, հիմա Ձեզ հարց եմ տալիս։
-Պահ-պահ-պահ։
-Դուք տեղյա՞կ եք՝ Սյունիքի ճանապարհներին ինչ է կատարվում։
-Ճանաչո՞ւմ եք Սյունիքը, եղե՞լ եք Սյունիքում։
-Բազմիցս․․․ես Ձեզ հարց եմ տալիս՝ այդ նույն սյունեցիները չէի՞ն երկրի ղեկավարին հայհոյանքներով ընդունել։
-Սյունեցիներն ապրում են իրենց տեղում, արարում են ի բարօրություն մեր ժողովրդի, ապրում են, կյանքը շարունակվում է բնականոն հունով։ Սյունիքի ժողովուրդը ապացուցեց հունիսի 21-ին ի լուր աշխարհի։
-Ես հարցս կրկնում եմ՝ այդ նույն սյունեցիները չէի՞ն երկրի ղեկավարին հայհոյանքներով ընդունել։
-Ես այդքան ժամանակ չունեմ Ձեր հարցերին պատասխանել։
-Լուրեր կան մամուլում, որ Տեղ համայնքում իշխանությունը ընդդիմադիր թեկնածուներին ճնշում է, Ձեզ մոտ ինչպիսի՞ վիճակ է։
-Շատ լավ է, ազատ, անկախ Հայաստան, մարդիկ իրենց հոգսերով, սպասում են՝ ընտրություններին, թե ով ոնց կընտրի, ես չգիտեմ։