ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Պետական միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի հանձնարարությամբ պատրաստվել են ՀՀ անկախության տոնին նվիրված հոլովակներ և պաստառներ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անկախ հայրենիքիս հետ» խորագրով հոլովակներում տարբեր մասնագիտությունների տեր քաղաքացիներն են՝ շինարար, մեքենավար, գրադարանավարուհի, բժիշկ ու ոստիկան:
Հայաստանի Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանում: Խորհրդարանի որոշմամբ` 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հռչակելու մասին հանրաքվե:
Հանրաքվեն անցկացվել է խորհրդային ընտրական օրենսգրքով և անցել ազատ ու թափանցիկ: Ընտրություններից երկու օր անց Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է քվեարկության արդյունքները, ըստ որոնց՝ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող 2 մլն 163 հազար 967 մարդուց քվեարկությանը մասնակցել էր 2 մլն 56 հազար 792-ը, այսինքն՝ քաղաքացիների 95,5 տոկոսը: Անկախ ապրելուն կողմ էր քվեարկել 2 մլն 42 հազար 617 հոգի, դեմ` ընդամենը 0,46 տոկոսը: Որ հանրաքվեն անցկացվել էր արդար ու թափանցիկ, վկայում էր 25 երկրից գրանցված 117 դիտորդ: Հայաստանի Հանրապետությունն իր անկախությունը փաստացիորեն հռչակել է այն ժամանակ, երբ ԽՍՀՄ փլուզումն արդեն գրեթե անկասելի գործընթաց էր: