
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ պնդելով, որ իշխող մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի կազմակերպում քննարկում Սյունիքի մարզում ստեղծված իրադրության վերաբերյալ:
Խմբակցությունն արձանագրել է, որ «Գորիս-Կապան ճանապարհահատվածի Որոտան-Շուռնուխ միջակայքում իրավիճակը շարունակում է լարված մնալ»:
«ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերի 13-ին նախաձեռնել էր Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկում ԱԱԾ տնօրենի ու այլ պատասխանատուների մասնակցությամբ։ Մինչև օրս խորհրդարանական մեծամասնությունը չի կազմակերպել այդ քննարկումը՝ փաստացի հրաժարվելով խորհրդարանական վերահսկողություն իրականացնելու սեփական լիազորություններից և ժողովրդին հաշվետու լինելու պարտականությունից»,- ասվում է «Հայաստան» խմբակցության տարածած հաղորդագրության մեջ:
«Հայաստան» խմբակցությունից նշել են, որ միայն «նոր իշխանության ձևավորման դեպքում է հնարավոր լուծել անվտանգային հարցերն ու ապահովել արժանապատիվ խաղաղություն»: