Փաշինյանի կառավարությունը չկարողացավ գտնել բանակից ապօրինի ազատված գեթ մեկ պաշտոնյայի. «Հետք»
Advertisement 1000 x 90

Փաշինյանի կառավարությունը չկարողացավ գտնել բանակից ապօրինի ազատված գեթ մեկ պաշտոնյայի. «Հետք»

2018 թվականից մինչ այժմ չկա որևէ նախկին ներկա պաշտոնյա կամ պաշտոնյայի որդի, որը բանակից ապօրինի ազատվելու մեղադրանքով հայտնվել է դատարանի առաջ: Նախկին պաշտոնյաների որդիների առնչությամբ հարուցված քրեական գործերն էլ կարճվել են՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Դեռևս 2018 թվականի հուլիսի 26-ի Կառավարության նիստում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավապահ մարմիններին հանձնարարել էր ստուգել նախկին և ներկա պաշտոնյաների որդիների` զինծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը:

«Բարձրաստիճան պաշտոնյաների զավակների ժամկետային զինծառայության մեկնելու հարցի շուրջ հրապարակային քննարկում եղավ՝ արդյոք այս թեման ուսումնասիրվու՞մ է, թե ոչ։ Ես ուզում եմ ասել՝ այդ թեման ուսումնասիրվում է և՛ ոստիկանության, և՛ գլխավոր դատախազության, և՛ ԱԱԾ-ի կողմից, պետք է վստահելի պատասխաններ ունենանք այս հարցերի շուրջ։ Այս պրոցեսը չի կարող սահմանափակվել մի զորակոչի սահմաններում, դա զորակոչի ժամկետների հետ կապ չունի, ուսումնասիրություններն ամբողջական ընթանալու են»,- ասել էր վարչապետը:

Հանձնարարականից երեք տարի անց «Հետք»-ը հարցումներ է ուղարկել ԱԱԾ, ոստիկանություն, դատախազություն և վարչապետի աշխատակազմ՝ պարզելու, թե ինչ եղավ հանձնարարականի ընթացքը և ինչ բացահայտումներ են արել իրավապահները:

Ազգային անվտանգության ծառայությունից կայքի հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 2018 թվականից մինչ օրս ԱԱԾ քննչական դեպարտամենտում Քրեական օրենսգրքի 327 հոդվածի հատկանիշներով՝ ժամկետային զինվորական ծառայության հերթական զորակոչից խուսափելու դեպքերի վերաբերյալ հարուցվել է 7 քրեական գործ, որոնցում որպես մեղադրյալ է ներգրավվել 4 անձ:

«Այդ գործերը չեն վերաբերել նախկին և ներկա պաշտոնյաների որդիներին», – հայտնել են ԱԱԾ-ից:

Պատասխանում նաև նշվում է այն մասին, թե որևէ անձի զինծառայությունից ազատման օրինականությունը ստուգելու համար հիմք են հանդիսանում այդ կապակցությամբ համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քրեադատավարական գործողությունների արդյունքում ստացված տվյալները:

Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ նման ուսումնասիրությունները կրում են ընդհանուր բնույթ, ուսումնասիրվում են օրենքով նախատեսված տարբեր հիմքերով տարկետումներ ստացած, ծառայությանը ոչ պիտանի ճանաչված զորակոչիկների անձնական գործերն առանց բացառության՝ այդ թվում նախկին և ներկա պաշտոնատար անձանց կամ նրանց զավակների անձնական գործերը: Ըստ դատախազության պատասխանի՝ իրականացված ուսումնասիրությունների արդյունքում 436 զորակոչիկի տվյալ ուղարկվել է իրավապահ մարմիններին՝ այդ զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ որոշումներ կայացնելու գործընթացում թույլ տրված հնարավոր կոռուպցիոն դրսևորումները ստուգելու և բացահայտելու համար: Դատախազությունից ևս հայտնել են հարուցված 6 քրեական գործի մասին՝ նշելով, որ քրեական հետապնդումը դադարեցվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Այս վեց քրեական գործի հարուցման, ապա հանցակազմի բացակայության հիմքով կարճման մասին հայտնել են նաև ոստիկանությունից:

Չնայած գերատեսչություները հրաժարվել են հայտնել, թե ով կամ ովքեր են այս գործերում ունեցել դատավարական կարգավիճակներ՝ հղում անելով«Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքին, բայց քանի որ այդ քրգործերի մասին ավելի վաղ գրվել էր, կայքը հիշեցրել է հանրությանը:

Քրեական գործերով անցնում էին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիները՝ Տրդատ և Տիգրան Խաչատրյանները, վերջինս հետախուզվում էր 2018-ի օգոստոսի 28-ից, Հայաստան է վերադարձել 2021-ի մարտին, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Կրկնակի փորձաքննությունների արդյունքում թե՛ Տիգրան, թե՛ Տրդատ Խաչատրյանները ճանաչվել էին զինծառայության համար ոչ պիտանի, և նրանց առնչությամբ հարուցված քրեական գործերը կարճվել են հանցակազմի բացակայության հիմքով:

«Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի հիմնադիր նախագահ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանի որդուն` Վահագն Արսենյանին ևս մեղադրանք էր առաջադրվել զինվորական ծառայությունից առերևույթ ապօրինի հիմքով ազատվելու համար: Սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը ևս դադարեցվել է, հարուցված քրեական գործը` կարճվել:

Նման ճակատագրի է արժանացել նաև Գյումրու նախկին ՀՀԿ-ական քաղաքապետ, ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի մասնակցությամբ հարուցված քրեական գործը:

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության Ապարանի բաժնի պետ Աշոտ Հայրապետյանի որդին և եղբորորդին ևս ներգրավված էին քրեական գործում՝ փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով ժամկետային զինվորական ծառայությունից խուսափելու հատկանիշներով: Այս քրեական գործը ևս կարճվել է:

Եւ չնայած հարուցված բոլոր քրեական գործերը կարճվել են, սակայն բոլորին միավորում է մեկ ընդհանուր հատկանիշ՝ առնչությունը նախկին պաշտոնյաների հետ: Այդ ցանկում չկար գեթ մեկ պաշտոնյա, որը նշանակվել կամ ընտրվել էր Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, և այդ պաշտոնյայի զինծառայությունից ազատման հիմքի օրինականությունն իրավապահները կասկածի տակ էին առել:

2018-ի նոյեմբերի 20-ի ասուլիսում վարչապետ Փաշինյանը, արձագանքելով մեր հարցին, հայտնել էր՝ իր հանձնարարականի շրջանակում կուսումնասիրվեն նաև Կառավարության տասնյակ անդամների՝ պարտադիր զինվորական ծառայությունից ազատման հիմքերի օրինականությունը։

«Ես իհարկե բոլոր դեպքերը չգիտեմ, բայց մենք էնքան շատ բան ունենք ուսումնասիրելու, այո, ամեն ինչ էլ կուսումնասիրվի, և բոլոր դեպքերում իմ պատասխանը նույնն է՝ կոռուպցիայի հետո կոմպրոմիս չի լինելու», – ասել էր Փաշինյանը:

«Հետք»-ը հարցմամբ դիմել է նաև վարչապետի աշխատակազմ` հետաքրքվելով, թե հանձնարարականին ինչպե՞ս են արձագանքել վերոնշյալ իրավապահ մարմինները, արդյոք գո՞հ է կատարած աշխատանքից, հանձնարարականից 3 տարի անց առկա՞ է վիճակագրություն վերոնշյալ հատկանիշներով հարուցված քրեական գործերի ընթացքի վերաբերյալ և թե նախկին ու ներկա պաշտոնյաներից, նրանց որդիներից ովքեր են ներգրավված այդ քրեական գործերում:

Փաշինյանին հիշեցրել  են նաև 2018 թվականին Կառավարության ծրագիրը ներկայացնելիս իր խոսքերը, երբ վերջինս անդրադարձել էր պաշտոնյաների և նրանց զավակների բանակում ծառայել-չծառայելու հարցին։

«Հասկանալի է, որ այս պայմաններում մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ չունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական  հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները»,- ասել էր նա:

Հարցրել են, թե իր պաշտոնավարման շրջանում ինչպե՞ս է իրականացրել այդ առանձնահատուկ քննությունը, և քա՞նի գործող պաշտոնյայի կամ պաշտոնյայի որդու զինծառայությունից ազատման հիմքի օրինականությունն է կասկածի տակ առնվել, քանի՞ քրեական գործ է հարուցվել և քանի՞ մեղադրական եզրակացություն ուղարկվել դատարան, կա՞ արդյոք մեկ պաշտոնյա (նախկին կամ գործող) կամ պաշտոնյայի որդի, որ զինծառայությունից ապօրինի ազատման մեղադրանքով դատապարտվել է ազատազրկման կամ գոնե մեղադրական եզրակացությամբ կանգնել դատարանի առջև:

Նույն քրեական գործերի ընթացքի մասին, որոնց մասին հայտնել էին իրավապահ մամինները, ասել են նաև վարչապետի աշխատակազմից, ապա պնդել, որ վարչապետի հայտարարությունից հետո այդ գործընթացը մշտապես իրավապահ մարմինների և ՊՆ ուշադրության ներքո է եղել: Վարչապետի աշխատակազմից նաև հիշեցրել են, որ 2018-ից հետո մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ զորակոչվել են ժամկետային զինծառայության, որոնց թվում են վարչապետի, Ֆինանսների գործող նախարար Տիգրան Խաչատրյանի, Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանի որդիները և այլք:

Հարցման մեջ մենք կայքը տեսակետ է հարցրել նաև հրապարակման մասին, որտեղ անդրադարձ կա Գեղարքունիքի նախկին փոխմարզպետ, այժմ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի զինծառայությունից ազատմանը, վարչապետի աշխատակազմից պատասխանել են, թե Ռազմական ոստիկանության իրականացրած միջոցառումները պարզել են, որ վերջինիս զինծառայությունից ապօրինի ազատվելու վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:

Այսպիսով, իշխանափոխությունից 3 տարի անց այդպես էլ չգտնվեց մեկ նախկին/ներկա պաշտոնյա (որդի), որը մեղադրական եզրակացությամբ հայտնվեր դատարանի առջև՝ զինծառայությունից ապօրինի ազատվելու մեղադրանքով:

hetq.am



Նման նյութեր