Ինչ սնունդ չի թույլատրվում, նույնիսկ եթե ուզում եք ուտել, և ինչով փոխարինել դրանք, որպեսզի ստամոքսը չվնասվի:
• Շատ համեմունքներով ուտեստներ
Երբ դատարկ ստամոքսն արդեն բողոքում է, դուք ցանկանում եք միանգամից վայելել տաք և համեմված անուշաբույր ուտեստներ: Բայց համեմունքների պատճառով կարող եք էլ ավելի մեծացնել ստամոքսի անհանգստությունը։ Ստամոքսը դատարկ է, և ոչինչ չի մեղմացնում համեմունքների ազդեցությունը, երբ դրանք շփվում են ստամոքսի լորձաթաղանթի հետ: Կծու սոուսով ուտեստներն ավելի լավ է ուտել որպես երկրորդ կերակուր, մինչև ստամոքսում գոնե ինչ-որ բան կհայտնվի:
Ինչ ուտել: Կաթնամթերքը հիանալի օգնում է,որպեսզի կծու սննդից չայրվի ստամոքսը՝ ծածկելով նրա պատերը: Հետևաբար, հնդկական ճաշատեսակները հաճախ մատուցվում են յոգուրտի հիմքով պատրաստված սոուսներով: Ուստի, եթե քաղցած եք, և պատրաստվում եք կծու կերակուր ուտել, նախ մի քանի կում կաթ խմեք կամ մի երկու ճաշի գդալ քաղցր մածուն կերեք: Համեմունքները թույլատրվում են, բայց ավելի չափավոր. չամանը կամ համեմը չեն գրգռում մարսողական համակարգը:
• Մրգեր, եթե այլ տարբերակ չկա
Միայն խնձորը կամ տանձը չեն հագեցնի քաղցը։ Մրգերի մեջ պարունակվող շաքարն ավելի դանդաղ է թափանցում արյան մեջ, քան քաղցրավենիքի մեջ պարունակվող շաքարը՝ մանրաթելի շնորհիվ։ Մրգերը պետք է ուտել սպիտակուցներով հարուստ սննդի հետ միասին։ Դրանք ավելի դանդաղ են մարսվում, և հետազոտությունը ցույց է տալիս, որ դրանք ճնշում են գրելինի արտադրությունը, որը քաղց զգալու համար պատասխանատու հորմոնն է: Գրելինն է, որ ազդարարում է ուղեղին քաղցի մասին։
Ինչ ուտել: Կերեք միրգը ընկույզով կամ պանրով: Մրգերն ու կաթնաշոռը լավ համադրվում են հունական յոգուրտի հետ:
• Նախուտեստներ, չիպսեր և թխվածքաբլիթներ Հինգ հատ կրեկերը պարունակում է մինչև 100 կալորիա, ինչը ոչ մի կերպ չի օգնի հաղթահարելու սովը: Սա արագ սննդի նախուտեստների հիմնական խնդիրն է. ածխաջրերի մեծ քանակի պատճառով դրանք կտրուկ բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, որն այնուհետև արագ նվազում է, և դուք կրկին քաղց եք զգում։
Ինչ ուտել: Նախուտեստի համար լավագույն տարբերակն է հավի կամ հնդկահավի բուտերբրոդ ուտելը: 200-300 կիլոկալորիան շատ ավելի լավ է քաղցը հաղթահարելու համար:
•Նարինջ, անանուխ, սուրճ, կետչուպ…
Սրանք բոլորը խթանում են ստամոքսի թթվարտադրությանը: Դատարկ ստամոքսին ուտելու դեպքում հետևանքները կդրսևորվեն այրոցի և ցավի տեսքով: Դատարկ ստամոքսում արդեն շատ թթու կա, և բավարար քանակությամբ սնունդ չկա, որպեսզի լորձաթաղանթի վրա դրա ազդեցությունը չեզոքացնի: Սուրճը և կոֆեինը գրգռում են գաստրիտով հիվանդների ստամոքսը:
Ինչ ուտել: Բանջարեղենի մեծ մասը թթվարտադրություն չի առաջացնում, և պարունակում է շատ մանրաթել, որն օգնում է գաստրիտին: Բանջարեղենը, ոլոռի կամ կարտոֆիլի խյուսը քաղցը հագեցնելու հիանալի տարբերակներ են:
• Սուշի
Սպիտակ բրնձի և սոյայի սոուսի համադրությունը վնասակար է, երբ դրանք ուտում եք դատարկ ստամոքսին: Բրնձի մեջ քիչ է մանրաթելը, իսկ աղի սոուսը ծարավեցնում է: Բայց մեր ուղեղը շփոթում է ծարավն ու սովը: Փորձելով միաժամանակ հագեցնել դատարկ ստամոքսի քաղցը և ծարավը՝ դուք ավելի շատ եք ուտում: Արդյունքում՝ ստամոքսում առաջանում է ծանրության զգացողություն:
Ինչ ուտել: Նույն սուշին, բայց փաթաթված ոչ միայն բրնձով, այլ նաև վարունգով (կամ միայն վարունգով): Ավելի լավ է սկսել սովորական աղցանից:
• Ալկոհոլ
Ալկոհոլը, իհարկե, չեք ուտում, այլ խմում եք, բայց դատարկ ստամոքսի դեպքում ավելի լավ է դա չանել։ Դուք ավելի արագ կհարբեք և այդ ժամանակ կցանկանաք ավելի շատ ուտել: Քաղցած և հարբած մարդը կարող է ուտել ամեն ինչ՝ չիպսեր, կծու պիցցա և մնացած ամեն ինչ, որից ավելի լավ է հրաժարվել: Դա պայմանավորված է ալկոհոլի ազդեցությամբ՝ լեպտինի մակարդակի նվազմամբ, որը ուղեղին հագեցվածության մասին ազդարարող հորմոնն է։ Երեք բաժին ալկոհոլ, և դուք արդեն 30 %-ով պակաս զգայուն եք հորմոնի նկատմամբ:
Ինչ ուտել: Ամեն ինչ շատ պարզ է. նախ նախուտեստը, ապա մնացած բոլորը: Սկսեք ոչ թե թթվեցրած վարունգից, այլ խորոված բանջարեղենից կամ հավի մսից պատրաստված ուտեստներից` բավականաչափ թեթև և միաժամանակ սննդարար: