Տաքսիում.
– Եթերում «Ազատություն» ռադիոկայանն է, այժմ՝ լուրեր. այսօր Ն. Փաշինյանը…
– Որ խնդրեմ դրա ձենը կկտրե՞ք։
Վարորդն իջեցրեց ձայնը, ծանր շնչեց.
– Տղա ջան՝ տեսա, որ Նիկոլին հակա ես, բայց ինքը ի՞նչ սխալ բան է անում։
– Է հեչ, հորեղբայր, ինչ անի էլ, երկիրդ մաս-մաս հանձնում է, տեսնում ես՝ թուրքը տարածքներդ տաշելով գալիս է Երևան։
– Հա, բայց էդ ինչ տալիս է՝ իրենց է եղել։ Որ մեկը մտնի քո տուն կամ այ էսպես մտնի ջեբդ (ձեռքը մոտեցրեց գրպանիս), ի՞նչ կանես, կխփես, չէ՞։ Հիմա՝ էդի էդ մարդկանց հողերն էին, վերցրել էինք, որ… մի օր տայինք, ես էլ եմ կռվել, 93-ին Կուբաթլին վերցնելուն, Զանգելանի կողմերը, տեղը տեղին մասնակցել եմ։ Բայց դե…
Ծանր լռությունից հետո.
– Հորեղբայր, հիմա որ թոռներդ վաղը մեծանան, ասելու են՝ մեր պապը ոչ թե ազատամարտիկ, այլ դիվերսանտ, մարդասպան ու թալանչի շանորդի է եղե՞լ։
– Չէ, ինչի՞։
– Դե դու ես ասում՝ մտել ես ուրիշի հող գրավել, մտել էլ Կուբաթլի՝ ադրբեջանցի սպանել, մարդկանց տներից քշել, տնից, ավտոյից, ունեցվածքից զրկել, բա էդ մարդուն ուրիշ ի՞նչ ասել, որ սազի։
– Չէէ, տղա ջան, էն ժամանակ ուրիշ էր։
– Ի՞նչն էր ուրիշ, նույն Կուբաթլին ու Զանգելանը չէի՞ն։
– Էն ժամանակ էն էր ուրիշ, որ, երբ ռադիոն միացնում էիր՝ Մովսես Գորգիսյանի ձենն էր, Սոս Սարգսյանը, Վազգենն էին խոսում, Զորի Բալայանը, Սիլվան, իմ կռվի վախտ՝ Վազգեն Մանուկյանն էր նախարարը, հետո Վազգեն Սարգսյանը դառավ, էդ մարդկանց լսում էիր՝ ուժ էիր ստանում, չգնալ չէիր կարող, ինքդ քո մեջ եռում էիր, ես էդպես եմ գնացել, էն ժամանակ մենք հող էինք ազատագրում, տղա ջան, ի՞նչ դիվերսանտ կամ մարդասպան։ Հիմա էսի միացնում ես՝ լրիվ ուրիշ բան են ասում, ի՞նչ ասեմ…
Վահե Սարգսյանի ֆեյսբուքյան էջից