Առաջիկայում կընդլայնվի այն անձանց շրջանակը, որոնցից 14 օրը մեկ պարտադիր ՊՇՌ թեստավորման պատասխան չի պահանջվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը, ըստ որի` աշխատողը գործատուին ՊՇՌ թեստի պատասխան կամ էլ 14 օրը մեկ պատվաստման հավաստագիր պետք է ներկայացնի։ Նանուշյանը հիշեցրեց, որ 14 օրը մեկ իրենց գործատուին ՊՇՌ թեստի պատասխան կարող են չներկայացնել արդեն իսկ պատվաստված անձինք, հղիներն ու ցուցում ունեցող անձինք։
Նրա խոսքով` ևս 1-2 դեպքով էլ բացառություններ կլինեն, բայց չմանրամասնեց, թե խոսքը որ խմբերին է վերաբերելու։
Հարցին, թե արդյո՞ք նախարարությունը թեստերի գնային քաղաքականության վրա կարող է ազդել, քանի որ մարդիկ այժմ պարտավոր են թեստ հանձնել, Նանուշյանը պատասխանեց` նախարարությունը մասնավոր լաբորատորիաներում իրականացվող թեստերի գներին միջամտելու որևէ լիազորություն չունի։
Նա հիշեցրեց, որ թեստերն անվճար են նրանց համար, ովքեր ախտանշաններ ունեն։ Բացի այդ, Հայաստանում անվճար է կորոնավիրուսի բուժումն ու պատվաստումը։