Արամ Գևորգյանի էջից. «Սկզբնական շրջանում, երբ գնում էի Եռաբլուր, երբ դեռ զոհված տղերքից ոչ մեկի հարազատներին չէի ճանաչում, Սաքոյի շիրիմի մոտ էի ինձ իրավունք վերապահում երկար կանգնել, երբեմն էլ՝ խունկ ծխալ։ Սաքոն իմ ամենալավ ընկերներից մեկի՝ մեր Սիրիկի ընկերը։
Սաքոն՝ Սարգիս Սարիբեկյանը, պահեստազորից էր։ Ծանուցագիրը ստանալու հենց նույն օրը՝ սեպտեմբերի 28-ին ներկայացել էր զինկոմիսարիատ ու մեկնել առաջնագիծ։ Այնքան արագ էր մեկնել, որ նույնիսկ կարգին հրաժեշտ էլ չէր տվել հարազատներին Մայրը՝ տիկին Հռիփսիմեն, Սարգսի մեկնելու մասին պատմելիս միշտ ասում էր՝ գոնե հաց ուտեր…
Սաքոն էլ իմ պես հայրենի բնությունը շատ էր սիրում։ Ինքն էլ վրաններով գնում էր, գիշերները լուսացնում բնության գրկում… Սաքոն բարձունք էր սիրում ու իր վերջին կռիվն էլ հենց բարձունքի համար էր տվել:
2020 թվականի հոկտեմբերի 2-ին, Հաթերքի դիրքերը պաշտպանելիս զոհվեց Սարգիսը։ Զոհվեց հանուն էն հայրենիքի, որը սիրում էր, հանուն էն հայրենի բնության, որը պաշտում էր։ Սաքոն ընկավ, որ դրախտային Հաթերքը չընկնի։
Հաթերքն ու բազամաթիվ այլ բնակավայրեր մինչ օրս էլ գտնվում են մեր վերահսկողության տակ շնորհիվ Սաքոյի ու հազարավոր էն տղերքի, ովքեր իրենց կյանքը չխնայեցին Հայրենիքի համար։
Էս տողերն էլ զարմանալի զուգադիպությամբ գրում եմ Մարտակերտից, դիմացի սարի գլխին էլ Հաթերքի խաչն է…
Հավերժ փառք ու խոնարհում ձեզ, տղերք ջան, հավերժ փառք ու խոնարհում քեզ, Սաքո ջան»։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=2735687660063428&set=pb.100008666619543.-2207520000..&type=