Չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը դեկտեմբերի 1-ից կարող է դառնալ վճարովի, այն կարժենա մոտ 800.000 դրամ. tert.am
Advertisement 1000 x 90

Չպատվաստված և կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը դեկտեմբերի 1-ից կարող է դառնալ վճարովի, այն կարժենա մոտ 800.000 դրամ. tert.am

Կորոնավիրուսով վարակված քաղաքացիների բուժումը կարող է դառնալ վճարովի, սակայն սա դեռ փոփոխություն չէ, դեռ քննարկման փուլում է։ Եթե որոշումը կայացվի, այն կիրառության մեջ կմտնի դեկտեմբերի 1-ից։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Առողջության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

Հարցին` որքա՞ն է արժենալու բուժումը, Խաչատրյանը պատասխանեց.

«Կովիդով հիվանդի ստացիոնար բուժման միջին արժեքը մինչև 800.000 դրամ է, բայց կախված հիվանդի վիճակից` թեթև կամ ծանր ու ծայրահեղ ծանր, բնականաբար նշված գումարն ավելանում է անցնելով մեկ միլիոնը»։

Այն հարցին, թե որո՞նք են նման փոփոխություն կատարելու հիմնավորումները, խոսնակը հայտնեց, որ այս հարցը վաղուց էր քննարկվում։

«Առողջապահության նախարարությունը միշտ հակված էր այն մտքին, որ պետք է ամեն ինչ անել և մոբիլիզացնել բոլոր միջոցները կովիդով հիվանդների բուժումը պետպատվերի շրջանակներում իրականացնելու համար։ Այստեղ ոչ միայն դեղորայքի, պալատի, միջամտությունների մասին է, այլ նաև սննդի, որովհետև կովիդի դեպքում չենք կարող ապահովել տնից բերված սնունդը։ Սրանք հավելյալ ծախսեր են։

Այս ամեն ինչից ելնելով, երբ պետությունը արդեն կարողացավ ապահովել անվճար պատվաստումը քաղաքացիների համար, հարկատուները դժգոհություն բարձրացրին այն մասին, որ իրենք ընդունել են պայքարի այս ձևը, պատվաստվում են, իսկ մյուսները չեն պատվաստում՝ անձնական դրդապատճառներից ելնելով։ Երբ հարցը հանրային առողջապահությանն է վերաբերվում, եկեք համաձայնեք, որ վախերը, ապատեղեկատվության հետևից գնալը երկրորդային են։ Մենք գործ ունենք համաճարակի հետ, որի դեմ պայքարում է ամբողջ աշխարհը, այս դեպքում հանրային առողջապահությունը առաջնահերթություն է»,- նշեց Առողջության նախարարության խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

tert.am