ՀՀ կառավարության անդամներից միայն ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն է այն համարձակը, որը հրապարակավ խոստովանել է, որ իր աշխատասենյակում կա Նիկոլ Փաշինյանի լուսանկարը, և հայտարարել է, որ նկարն իր վրա մեծ ազդեցություն է թողնում: Մյուս նախարարները լռում են. ինչո՞ւ: Նման հարցադրում է արել «Ժողովուրդ» օրաթերթը։
Թերթից մոտ երկու շաբաթ է պահանջվել պարզելու համար, թե գործադիրի անդամներից ովքեր են իրենց աշխատասենյակի պատերը զարդարել Փաշինյանի պատկերով:
Պարզվել է՝ նախարարությունների խոսնակների համար մեծ խնդիր է հարցի պատասխանը՝ կա՞ արդյոք լուսանկարը նախարարի աշխատասենյակում, թե ոչ:
Այսպիսով, հարցումների արդյունքները ցույց են տվել՝ կառավարական կաբինետի ներկայացուցիչ-նախարարների մեծամասնության աշխատասենյակներում Փաշինյանի նկարն իր պատվավոր տեղն ունի։
«Բացառությամբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ու բարձր տեխնոլոգիաների եւ արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի՝ մյուս բոլոր նախարարների ու երկու փոխվարչապետների՝ Մհեր Գրիգորյանի ու Սուրեն Պապիկյանի, աշխատասենյակներում կախված է վարչապետի նկարը»,–գրում է թերթը:
Թերթը դիտարկում է արել, թե ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի նկարն աշխատասենյակներում փակցնող պաշտոնյաներին ամենասուր ձեւով քննադատող Փաշինյանը փաստացի նույն երեւույթից այժմ բնավ վատ չի զգում իրեն: