Լրագրող և հեռուստահաղորդավար Քսենյա Սոբչակը հաստատել է մահացու ելքով ավտովթարի մասին տեղեկատվությունը, որում ինքը հայտնվել է Ադլերից Սոչի ճանապարհին: Նա գրառում է կատարել Instagram-ի իր էջում։
«Այս գրառումն անձամբ ես եմ գրում: Հիմա ես տանն եմ, նոր եմ ուշքի եկել, ստացել եմ ուղեղի ցնցում և բազմաթիվ վնասվածքներ: Ես սարսափած եմ ու շոկի մեջ, որ մարդիկ են մահացել, կկապվենք նրանց հարազատների հետ։ Ես ոչ մի տեղ չեմ մեկնում ու չեմ գնում»,- գրել է նա։
Մահվան ելքով վթարի մասին հայտնի է դարձել այսօր։ Հաղորդավարուհու մեքենան բախվել է «Volkswagen»-ին։ Վթարի հետեւանքով երկու մարդ է զոհվել։ Մի կին մահացել է տեղում, ևս մեկ անձ՝ հիվանդանոցում։
«Ես եղել եմ մեքենայում։ Մեքենան իմը չէ, ինչպես նաև վարորդը։ Ես վարորդին չեմ շտապեցրել, իհարկե։ Մեզանից ոչ ոք չէր շտապում։ Ուղևորության ընթացքում ես հաղորդակցվում էի Zoom-ով, և կա տեսագրությունը, որը հաստատում է դա: Դա եղել է կոնկրետ վարորդի անձնական որոշումը, դա ճիշտ է»,- նշել է հեռուստահաղորդավարուհին։
Սոբչակը հայտնել է, որ թեպետ վթարից հետո կորցրել է գիտակցությունն ու ուղեղի ցնցում է ստացել, սակայն գտնվում է տանը։ Հոսպիտալացումից Սոբչակը հրաժարվել է։
«Երբ ես ուշքի եկա, շատ վատ էի։ Բայց ես ուզում էի որդուս տեսնել և տուն գալ, ուստի դուրս թռա։ Այսօր հետազոտություն եմ անցնելու, քանի որ ներքին օրգանների վնասվածքներ ու ցնցում ունեմ։ Մենք գնացինք մեկ այլ մեքենայով, բայց նախապես իմ տնօրեն Կիրիլը շտապօգնություն կանչեց և գնաց տեսնելու, թե արդյոք մենք կարող ենք օգնել մյուս մեքենային: Նրանցով արդեն զբաղվում էին մարդիկ», – գրել է նա։
«112» Telegram ալիքի տվյալներով ՝ զոհվածները 35-ամյա Ելենա Տարասովան և 30-ամյա Օքսանա Սադովնիկն են ՝ Volkswagen-ի երկու ուղևորուհիները։ Նրանց մեքենայի մեջ, բառի բուն իմաստով, մխրճվել էր Mercedes-ը, որի մեջ վթարի պահին Քսենյա Սոբչակն էր։ Volkswagen-ի ևս մեկ ուղևորը՝ 28-ամյա Ռոբերտ Դեդյանը, հիվանդանոցում է։