Հացադուլի տասներորդ օրը Միխայիլ Սաակաշվիլիի վիճակը վատացել է, հաղորդում է Գրուզիա Online-ը՝ հղում անելով նրա անձնական բժիշկ Նիկոլոզա Կիպշիձեին, որն այսօր տեսակցել է նրան բանտում:
Բժշկի խոսքով՝ Սաակաշվիլին հրաժարվում է ընդունել նաեւ մեղր ու հյութ, որի մասին հայտարարել էր քրեակատարողական հիմնարկը: Ներկայում նա օգտագործում է միայն ջուր:
Կիպշիձեի տեղեկություններով՝ Վրաստանի երրորդ նախագահն ունի արյան հազվադեպ հիվանդություն՝ տալասեմիա, որի դեպքում կտրականապես արգելվում է հացադուլը: Նրա ախտորոշման մասին բժիշկը հայտնել է Սաակաշվիլիի համաձայնությամբ:
Միխայիլ Սաակաշվիլին բերման էր ենթարկվել հոկտեմբերի 1-ին, երբ միացրել էր իր ուկրաինական հեռախոսը, որը գաղտնալսում էին վրացական հատուկ ծառայությունները: Այդ հեռախոսից նա ներբեռնել է իր վերջին տեսաուղերձը, որում ասում է, որ շուտով նա կձերբակալվի, եւ կոչ արել իր կողմնակիցներին պայքարել ընդդեմ Իվանիշվիլիի ռեժիմի: