Էրեբունի-Երևան
Երևան դարձած իմ Էրեբունի,
Դու մեր նոր Դվին, մեր նոր Անի:
Մեր փոքրիկ հողի դու մեծ երազանք, Մեր դարե կարոտ, մեր քարե նազանք:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի, Դարեր ես անցել, բայց մնացել ես պատանի:
Քո Մասիս հորով, քո Արաքս մորով, Մեծանաս դարով, Երևա՜ն:
Մենք արյան կանչեր ունենք մեր սրտում, Անկատար տենչեր ունենք դեռ շատ:
Մեր կանչն առանց քեզ իզուր կկորչի, Առանց քեզ մեր տաք տենչն էլ կսառչի:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…
Կյանքում ամեն սեր լինում է տարբեր, Իսկ մենք բոլորս էլ քեզնով արբել:
Տաք է սերը մեր շեկ քարերիդ պես, Հին է սերը մեր ձիգ դարերիդ պես:
Երևան դարձա՜ծ իմ Էրեբունի…
Պարույր Սևակ Օրհներգի բառերի հեղինակ՝ Պարույր Սևակ
Երաժշտությունը՝ Էդգար Հովհաննիսյան
Տեսահոլովակի հեղինակ՝ Մհեր Հովհաննիսյան 1968թ.
«Հաղթանակ» զբոսայգում տեղի ունեցած համաքաղաքային երգի տոնի ժամանակ «Էրեբունի-Երևան» երգի անդրանիկ կատարումն աննախադեպ էր և իր բացառիկությամբ, այն անմոռաց հետք թողեց մեր հինավուրց քաղաքի պատմության նորօրյա էջերում. երգը կատարում էր 2750-հոգանոց երգչախումբը` խորհրդանշելով մեր մայրաքաղաքի հիմնադրման 2750-ամյակը: